2-րդ տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշանները, որոնց մասին պետք է բոլորն իմանան: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 158

2-րդ տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշանները, որոնց մասին պետք է բոլորն իմանան: Գրում է med.tert.am-ը

Շաքարային դիաբետը համարվում է գլխուղեղի և սրտամկանի կաթվածների, երիկամային անբավարարության, կուրության ու անդամահատման գլխավոր պատճառը: Նման լուրջ հիվանդության ախտանշաններն իմանալը չափազանց կարևոր է, քանի որ այն կարելի է բուժել, իսկ դրա բարդությունները կանխարգելել՝ ժամանակին իրականացված ախտորոշման, ճիշտ սննդակարգի, դեղամիջոցների ընդունման ու ֆիզիկական ակտիվության շնորհիվ:

Առհասարակ երկրորդ տիպի շաքարային դիաբետը շատ ավելի հաճախ է հանդիպում, ուստի estet-portal.com կայքը ներկայացրել է երկրորդ տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
 



Ինչով են տարբերվում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետները

1-ին տիպի շաքարյին դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում կամ առհասարակ չի արտադրում, ուստի հիվանդը ստիպված է լինում ամեն օր այդ հորմոնի ներարկումներ ստանալ:2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին է արտադրում, սակայն օրգանիզմի զգայունությունն այս հորմոնի հանդեպ նվազում է, ինչի հետևանքով էներգիա ստանալու համար գլյուկոզան ինչպես հարկն է չի օգտագործվում:

2-րդ տիպի շաքարային դիաբետը, ի տարբերություն առաջին տիպի շաքարային դիաբետի, կարելի է կանխարգելել: Դրա համար հարկավոր է.

 

  • Լինել ֆիզիկապես ակտիվ (օրական առնվազն 30 րոպե քայլել),
  • Վերահսկել քաշը (ճարպակալումը ինսուլինի հանդեպ զգայունության նվազման հիմնական պատճառն է),
  • Չչարաշահել ածխաջրերով հարուստ մթերքը,
  • Հրաժարվել վատ սովորություններից:

 

Շաքարային դիաբետի երկու տեսակների ախտանշանները հիմնականում նման են, սակայն 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում դրանք հաճախ ավելի թույլ արտահայտված են լինում, ինչը թույլ չի տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

2-րդ տիպի շաքարային դիաբետի թաքնված ախտանշանները, որոնց մասին բոլորը պետք է իմանան

Հարկ է հիշել, որ շաքարային դիաբետը չվերահսկելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ, ինչն էլ բացասաբար է ազդում օրգանիզմի շատ համակարգերի (հատկապես՝ նյարդային ու սրտանոթային համակարգերի) աշխատանքի վրա, ուստի ստորև ներկայացված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժկի:



1.Մշտական ծարավի զգացում

 

Սա շաքարային դիաբետի 2-րդ տիպին հատուկ ամենատարածված ախտանշանն է, որի դեպքում բժշկի հետ խորհրդակցելը խիստ անհրաժեշտ է:

 

 2. Քաղցի զգացողություն

 

Ախորժակի կտրուկ բարելավումը (հատկապես՝ քացր ուտելու ցանկությունը), հաճախ պայմանավորված է լինում շաքարախտով, սակայն կանանց մոտ նման փոփոխությունները կարող են նկատվել նաև դաշտանային ցիկլի տարբեր փուլերում:

 

3. Քաշի կորուստ

 

Այս հիվանդության դեպքում հաճախ նկատվում է նաև անբացատրելի քաշի կորուստ: Ընդ որում՝ հիվանդի առօրյայում ու սննդակարգում փոփոխություններ չեն լինում: Սա շաքարային դիաբետի երկու տեսակներին հատուկ ախտանշան է, սակայն այն կարող է և պայմանավորված լինել առողջական այլ խնդիրներով:

 

4. Հաճախակի զուգարան գնալու ցանկություն

 

Շաքարային դիաբետի երկու տեսակներին հատուկ ախտանշան է նաև հաճախամիզույթունը: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է խոչընդոտել գլյուկոզայի վերաաբսորբմանը, որն էլ դուրս է գալիս օրգանիզմից մեզի հետ:

 

5. Տրամադրության տատանումներ

 

Շաքարի մակարդակի տատանումներից բացի կարող են նկատվել նաև տրամադրության տատանումներ: Կանանց մոտ այս «ախտանշանը» կարող է պայմանավորված լինել նաև դաշտանային ցիկլով, սակայն եթե այդ տատանումները կրում են մշտական բնույթ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 

6. Քնի խանգարումներ

 

2-րդ տիպի շաքարային դիաբետի ախտանշաններից մեկը քնի պակասն է, որը պայմանավորված է հաճախակի զուգարան գնալու անհրաժեշտությամբ, քնի օբստրուկտիվ ապնոէով և տհաճ զգացողություններով:

 

7. Ոտնաթաթերի թմրածություն ու ցավ

 

Քանի որ ոտնաթաթերը մարմնի՝ սրտից ամենահեռու գտնվող հատվածն են, սրտանոթային խնդիրների դեպքում դրանք ամենից շատն են տուժում:

 

8. Մաշկային խնդիրներ

 

2-րդ տիպի շաքարային դիաբետի դրսևորումներից մեկը մաշկի ծալքերում մուգ հետքերի ի հայտ գալն է, ինչպես նաև չորությունն ու մաշկի մշտական քորը:

 

9. Վերքերի դանդաղ ապաքինում

 

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով խանգարվում է արյան շրջանառությունը, ինչն էլ հանգեցնում վերքերի դանդաղ ապաքինման:

 

10. Հոգնածություն

 

Մշտական հոգնածության զգացումը նույնպես շաքարային դիաբետի երկու տեսակներին հատուկ ախտանշան է, սակայն այն կարող է և պայմանավորված լինել այլ խնդիրներով:

 

11. Վարակներ

 

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ սնկային վարակներն ավելի հաճախ են հանդիպում: Բացի այդ, այս հիվանդները ավելի խոցելի են միզասեռական համակարգի վարակների նկատմամբ:

 

12. Տեսողության ու լսողության խանգարումներ

 

Համարվում է, որ շաքարային դիաբետի հետևանքով մարդու տեսողությունը վատանում է, սակայն հիվանդներից շատերի հավաստմամբ՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է նրանց տեսողության բարելավմանը, իսկ բուժումը՝ վատացմանը: Լսողության վատացումը նույնպես կարող է լինել շաքարի բարձր մակարդակի հետևանքով, քանի որ այս դեպքում վնասվում են ներքին ականջի արյունատար անոթներն ու նյարդերը:

 

Հարկ է նաև նշել, որ շաքարային դիաբետը ժամանակին ախտորոշելու համար, անհրաժեշտ է շատ ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների նկատմամբ և ցանկացած խանգարման դեպքում խորհրդակցել բժշկի հետ ու անցնել անհրաժեշտ բուժզննումը:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/03/05/2-rd-tipi-diabet/31867



Ամենաընթերցվածը