«Ամաչում եմ հարցնել...». Սեռական առողջությունը կնոջ հարստությունն է

Դիտումներ 344
«Ամաչում եմ հարցնել...». Սեռական առողջությունը կնոջ հարստությունն է

Յուրաքանչյուր կնոջ կյանքում գլխավոր բժիշկը գինեկոլոգն է: Ամեն տարիք իր խնդիրներն է բերում` լինի հասունացման շրջանում, սեռական կյանքում, հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո, դաշտանադադարի փուլում և այլն: Չնայած սրան` կանանց մեծամասնությունը ծայրահեղ դեպքերում է գինեկոլոգին դիմում, երբեմն էլ, ցավոք, միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն կյանքին է վտանգ սպառնում: 
 

«Ամաչում եմ հարցնել...». Սեռական առողջությունը կնոջ հարստությունն է

Այսպիսի վերաբերմունքը հաճախ պայմանավորված է բժիշկների հանդեպ անհիմն վախով կամ անվստահությամբ, իսկ եթե խոսքը գինեկոլոգին այցելելու մասին է, մեր` հայ կանանց դեպքում ավելանում են նաև ազգային կարծրատիպերը` «բա որ հարևաններն իմանա՞ն…», «հանվեմ գինեկոլոգի առա՞ջ, բա ամոթ չի՞», «ամուսինս հաստատ չի թողնի» և այլն: Եվ ահա` նրանք նախընտրում են հետևել իրենց «բանիմաց» ընկերուհիների խորհրդին, զբաղվել ինքնաբուժությամբ կամ առհասարակ ոչինչ չձեռնարկել: Արդյունքու՞մ: Ցավոք, երբեմն այն ողբերգական է լինում:

Սիրելի' կանայք, հուսով ենք այս հրապարակումը կօգնի ձեզ ձերբազատվել տարաբնույթ բարդույթներից, ընդունել, որ կնոջ առողջությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր խնդիր կարող է լուծել միայն բժիշկ-գինեկոլոգը, և որ այդ հարցում նա է ձեր միակ ու վստահելի խորհրդատուն:

Ե՞րբ է պետք դիմել գինեկոլոգին

 


Այսօր բժշկությունը, այդ թվում նաև գինեկոլոգիան, այնքան են զարգացել, որ բուժելի կարելի է համարել գրեթե ցանկացած հիվանդություն, եթե միայն բուժումը չուշանա: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ «ուշացնելու» մեղքը պետք է վերագրել կանանց անփութությանը. հաճախ մասնագետին չդիմելու պատճառը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ չիմացությունը: Շատերը, օրինակ, չեն էլ ենթադրում, որ դաշտանային շրջանի խանգարումը կարող է ինչպես սովորական մրսածության, այնպես էլ ամենալուրջ հիվանդությունների հետևանք լինել: Կամ չգիտեն, որ սեռավարակներից շատերի ախտանշանները բավական ուշ են ի հայտ գալիս, և որ ժամանակին դրանք չհայտնաբերելու, իսկ հետո չբուժվելու դեպքում հիվանդությունը կարող է գաղտնի փուլից սահուն կերպով անցնել քրոնիկականի` դառնալով արատավոր երեխաներ ծնելու, հղիության կրկնվող ընդհատման, չբերության, սեռական անկարողության, մինչև անգամ մահվան պատճառ:

Ի՞նչ անել: Նախ և առաջ` հետևողական լինել և միզասեռական համակարգում առաջին իսկ տհաճ կամ կասկածելի փոփոխություններ նկատելիս անմիջապես դիմել բժիշկ-գինեկոլոգին: Իսկ ո՞ր դեպքերն են, որ պետք է «տհաճ» կամ «կասկածելի», ինչպես նաև պարտադիր համարել` կհարցնեք դուք: Այս հարցը քննարկենք ավելի մանրամասն:

Դաշտանի բացակայությունը:

Առաջին միտքը, որ նման դեպքերում անմիջապես ծագում է, հղիության հավանականությունն է: Լիովին հնարավոր է: Սակայն դաշտանի բացակայությունը կարող է «ահազանգել» նաև հորմոնալ ֆոնի խանգարումների, սուր վարակիչ հիվանդությունների, որևէ սեռավարակի առկայության մասին, «զգուշացնել», որ ժամանակն է դադարեցնել այս կամ այն դեղերի ընդունումը, իսկ հակաբեղմնավորիչ հաբերը փոխարինել այլ միջոցներով: Դաշտանի բացակայության պատճառները բազմաթիվ են, և մտածել, որ` «դե լավ, կկարգավորվի», միամտություն է: Անհանգստանալու առիթ են նաև ցիկլի խանգարումները, չափազանց առատ կամ սուր ցավերով ուղեկցվող դաշտանը:

Միայն գինեկոլոգը կարող է հայտնաբերել դաշտանի բացակայության կամ խանգարումների իրական պատճառը և կանխել հնարավոր բարդացումները:

Որովայնի ներքևի հատվածում ցավերն ու անհարմարավետության զգացումը:

Եթե որովայնի կամ միզասեռական օրգանների հատվածում տարբեր հաճախականությամբ ցավեր եք զգում, պետք է անհապաղ հետազոտվել: Չէ՞ որ ցավն առանց պատճառի չի լինում, և դրա ի հայտ գալն ազդանշան է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Ոչ մի դեպքում չի կարելի սեփական նախաձեռնությամբ ցավազրկող դեղ խմել ու սահմանափակվել դրանով: Դեղը ցավը կմեղմի ժամանակավորապես (լավագույն դեպքում), սակայն դրանով խնդիրը չեք լուծի: Նկատի ունեցեք, որ կանանց հիվանդություններից շատերը` որոշ սեռավարակներ, ուռուցքային գոյացություններ և այլն, սկզբնական փուլում ընթանում են աննշան ցավերով, որոնց կանայք գրեթե ուշադրություն չեն դարձնում: Դժբախտաբար, հենց այսպես է զարգանում, օրինակ, ձվարանների պոլիկիստոզը` հիվանդություն, որը հետագայում կարող է ուղեկցվել ներքին արյունահոսությամբ և վերարտադրողական համակարգում լուրջ խնդիրներ առաջ բերել:
Հետևաբար, ամենաթեթև ցավն անգամ չպետք է անտեսվի:
 

«Ամաչում եմ հարցնել...». Սեռական առողջությունը կնոջ հարստությունն է

Հեշտոցից արտադրությունն ու քորը:

Սեռական օրգանների շրջանում տևական քորը, ինչպես նաև արտադրությունը, որն ուղեկցվում է տհաճ հոտով և անսովոր գույն ունի, գինեկոլոգին դիմելու լուրջ առիթ են: Այս ախտանշանները վկայում են միզասեռական օրգանների սնկային, վարակիչ կամ բորբոքային հիվանդությունների մասին, որոնցից յուրաքանչյուրը քրոնիկականի վերածվելու դեպքում կարող է վիժումների, անպտղության պատճառ դառնալ: Պետք չէ նաև հույս ունենալ, որ սովորական օճառով լվացվելով` կարելի է ազատվել խնդրից: Ճիշտ հակառակը. օճառը, իր քիմիական բաղադրությանպատճառով, հաճախ է՛լ ավելի է գրգռում արտաքին սեռական օրգանների մաշկը: Այդ նպատակով կան հատուկ միջոցներ` հեղուկներ, գելեր և այլն, որոնց անվտանգությունը երաշխավորված է գինեկոլոգների կողմից: Այդպիսի միջոցները պետք է գնել դեղատներից: Սակայն մի մոռացեք, որ դրանք նախատեսված են հիգիենան պահպանելու, ոչ թե սնկային հիվանդությունը կամ սեռավարակը բուժելու համար: Իսկ ահա բուժվելու համար պետք է դիմել մասնագետին:

Պատահական սեռական կապերը:

Պատահական սեռական կապերը հղի են բազմաթիվ վտանգներով: Սեռավարակների և հղիության արհեստական ընդհատման դեպքերի գերակշռող տոկոսն «ապահովում» են հենց այն կանայք, ովքեր չպաշտպանված սեռական կապեր են ունենում պատահական զուգընկերների հետ: Միևնույն ժամանակ նրանց մեծամասնությունը, ցավոք, խուսափում է դիմել գինեկոլոգին` անհանգստանալով, որ ստիպված կլինեն բազմաթիվ անհարկի հարցերի պատասխանել: Պետք չէ տրամադրվել, որ ձեզ նստեցնելու են մեղադրյալի աթոռին և դաստիարակչական դասախոսություն են կարդալու: Ոչ մի փորձառու գինեկոլոգ իրեն նման բան թույլ չի տա: Նրա մասնագիտական պարտականությունն է օգնել ձեզ բուժվել և սեռավարակներից ու անցանկալի հղիությունից պաշտպանվելու մասին համապատասխան տեղեկություններ տրամադրել:

Հղիությունից առաջ, ընթացքում և հետո:

 

Եթե կինը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է երեխա ունենալու, ապա նաև պետք է թույլ տա, որ հղիության նախապատրաստական փուլն անցնի գինեկոլոգի հսկողությամբ: Սա է հղիության ընթացքում բարդացումներից խուսափելու, հաջող ծննդաբերության և առողջ երեխա լույս աշխարհ բերելու կարևորագույն պայմաններից մեկը: Ապագա ծնողները պետք է նախքան բեղմնավորումն ընդհանուր բժշկական հետազոտություն անցնեն, անհրաժեշտության դեպքում բուժվեն, նոր միայն մտածեն երեխա ունենալու մասին:

Դաշտանադադարը (կլիմաքս):

Ցանկացած կնոջ կյանքի դժվար շրջաններից մեկը դաշտանադադարն է: Բուն դաշտանադադարին նախորդում է նախակլիմաքսային շրջանը: Նախակլիմաքսային փուլը սկսվում է մոտավորապես 40-43 տարեկանում և տևում մի քանի տարի: Դրանից հետո սկսվում է բուն դաշտանադադարի փուլը: Այն իր հերթին տևում է մի քանի տարի` բացասաբար ազդելով կնոջ թե' ընդհանուր ֆիզիկական, թե' հոգեբանական վիճակի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ ձվարանների ֆունկցիան սկսում է աստիճանաբար դադարել և օրգանիզմում նվազում է կանացի հորմոնների` էստրոգենի ու պրոգեստերոնի քանակը:

Այս փուլն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով` առատ քրտնարտադրությամբ, զարկերակի հաճախազարկությամբ, հեշտոցի չորությամբ և այլն: Միևնույն ժամանակ սկսում է խախտվել տարբեր օրգանների և համակարգերի փոխկապակցվածությունը: Կարող են փոփոխություններ նկատվել էնդոկրին համակարգում` առաջ բերելով վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ, 2-րդ տիպի շաքարախտ: Այս շրջանում է, որ մեծ է ուռուցքային գոյացությունների, հեշտոցի միոմայի և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Դաշտանադադարը մեծ հարված է հասցնում նաև նյարդային համակարգին` դառնալով երկարատև ընկճախտի, հիշողության վատացման, սեռական ցանկության թուլացման պատճառ: Սակայն բոլոր այս երևույթների դեմ հնարավոր է պայքարել` դիմելով գինեկոլոգի օգնությանը: Դեռևս նախակլիմաքսային շրջանում հնարավոր բարդացումները նախապես կանխելու նպատակով, ցանկալի է գինեկոլոգի մոտ հետազոտվել ամեն տարի:

Երբ բախում եք գինեկոլոգի սենյակի դուռը…

Շարունակությունը այստեղ ՝  kiss.am

Ամենաընթերցվածը