Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կարևոր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ․ Հայտնի են մանրամասները

Դիտումներ 104
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կարևոր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ․ Հայտնի են մանրամասները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։
 
 
Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
 
Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը