Ունեցեք առողջ ատամներ, ոսկորներ, հիանալի մաշկ, կարգավորեք ճնշումը, բուժեք սիրտը, քաղցկեղը այս բաղադրիչի շնորհիվ


Բնության մեջ մայրական կաթը նախատեսված է կենդանական աշխարհի բոլոր նորածին էակների համար։ Սա այն սննդամթերքն է, որը լիովին յուրացվում է նորածնի` նոր ձևավորվող օրգան-համակարգերում։ Լավագույն դեղն է, որը պաշտպանում է ձագուկին արտաքին վնասակար ազդեցություններից։
Ըստ հնագույն հավատալիքների` կաթի անունով է կոչվել այն Երկնային արահետը, որի վրայով Երկիր մոլորակին է հասնում Տիեզերքի անսպառ կենարար էներգիան` Ծիրի սերմը։
Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։ Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ բուժել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները և օգտագործել են կաթը տարբեր բնույթի թունավորումների դեպքում։
21-րդ դարի նախաշեմին մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ այն մասին, որ կաթը վնասակար է միջին և բարձր տարիքի մարդկանց առողջության համար, քանի որ առաջացնում է օրգանիզմում լորձ, կաթում պարունակվող սպիտակուցը կուտակվում է հոդերում և անոթների պատերի վրա, իսկ հագեցված ճարպերը բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, և այլ նմանատիպ աբսուրդի աստիճանի հասնող անհեթեթ ենթադրություններ։
Հենվելով որոշ հետազոտությունների արդյունքում ստացված հետևությունների վրա` փորձենք հասկանալ, թե ինչպես է գնահատում ժամանակակից բժշկական գիտությունը կաթի և կաթնամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա։
Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ:
Կաթի օգտաակար հատկությունները
Կալցիում: Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, պաշտպանում է արթրիտային վիճակից, միգրենից, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից:
Առողջ ոսկորներ: Ինչպես նշվեց, կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք օստեոպորոզ հիվանդությունից: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում:
Առողջ ատամներ: Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Գազավորված խմիչքներն են, որ ատամի կարիես են առաջացնում և թուլացնում լնդերը:
Մաշկի խնամք: Բոլորին հայտնի է, որ գեղեցկուհի Կլեոպատրան օգտագործում էր մեղրի և կաթի լոգանքներ, որպեսզի ունենար գեղեցիկ և փափուկ մաշկ: Այսօր էլ կաթը և կաթնամթերքն օգտագործվում է բազմաթիվ դեմքի դիմակներ պատրաստելու համար: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում և փափկեցնում է մաշկը: Կաթի մեջ առկա կաթնաթթուն հեռացնում է մահացած բջիջները և վերաերիտասարդացնում մաշկը:
Կաթը նվազեցնում է օրգանիզմի թթվայնությունը: Կաթի մեջ առկա A և B վիտամինները լավ են ազդում տեսողության վրա, նրա մեջ պարունակվող ածխաջրերը` էներգիայի և կենսունակության վրա, կալիումը` նյարդային համակարգի կանոնավոր գործունեության վրա, մագնեզիումը` մկանների ճիշտ աշխատանքի, ֆոսֆորը` էներգիայի արձակման, սպիտակուցը` մարմնի զարգացման և աճի համար:
Հիպերտոնիկ հիվանդություն
20-րդ դարի սկզբում ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ կաթն իջեցնում է ճնշումը, ընդ որում, կախվածությունը հստակ արտահայտված հակադարձ համեմատական է։ Կաթի հիպոտենզիվ հատկությունն ավելի արտահայտված է, եթե սննդակարգում չափավորված է հագեցած ճարպաթթուների քանակությունը։
Այսօր արդեն հայտնի է, որ կաթնամթերքում պարունակվող սպիտակուցից առաջանում են հատուկ նյութեր (պեպտիդներ), որոնց մի մասն ունի ճնշումն իջեցնող` հիպոտենզիվ ազդեցություն։
Նմանատիպ պեպտիդները հատկապես արդյունավետ են ազդում հիպերտոնիկ հիվանդության նախնական փուլում։
Մետաբոլիկ սինդրոմ
Դժվար ախտորոշվող համակարգային հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոխկապակցված պաթոգեն բնույթի խանգարումներ, օրինակ` իջնում է հյուսվածքների զգայունակությունն, ինսուլինի հանդեպ, ի հայտ է գալիս աբդոմինալ ճարպակալում (որովայնի շրջանում), զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը և խանգարվում է ճարպերի, ածխաջրերի և պուրինների փոխանակման բնականոն գործընթացը։
Մետաբոլիկ սինդրոմը նորագույն ժամանակաշրջանի հիվանդություն է, տղամարդկանց մոտ ի հայտ է գալիս բավականին երիտասարդ տարիքում, իսկ կանանց մոտ` հիմնականում դաշտանադադարի շրջանում։
Անգլիացի գիտնականները կարծում են, որ օրը 200 մլ կաթ խմող տղամարդկանց մոտ
60%-ով նվազում է մետաբոլիկ սինդրոմի զարգացման վտանգը։
Նիհարեցնող հատկություն
Վերջին տարիներին նիհարեցնող սննդակարգերի շարքում է հայտնվել նաև կաթնայինը։ Լրիվ կաթնային սննդակարգ պահողների շրջանում տարածված է այն կարծիքը, որ պետք է խմել անյուղ կաթ, ուտել անյուղ կաթնաշոռ։
Նման կարծիքը հիմնավորվում է այն փաստով, որ մթերքներում պարունակվող կալցիումը նպաստում է ճարպերի այրմանն օրգանիզմում, իսկ անյուղ կաթի մեջ կալցիումն ավելի շատ է։ Սակայն անյուղ կաթնամթերքում գտնվող կալցիումը յուրացվում է ընդամենը 5-10%-ով, իսկ բարձր յուղայնության կաթնամթերքից` 50%-ով և նույնիսկ ավելին։
ԱՄՆ Թեննեսիի Համալսարանի գիտնականները կարծում են, որ կաթում պարունակվող կալցիումը` օրգանիզմում յուրացվելուց հետո պարուրում է ճարպի միկրոսկոպիկ մասնիկները, և առաջացած միացությունը դուրս է բերվում օրգանիզմից` առանց յուրացվելու։
Սիրտ-անոթային հիվանդություններ
Շոտլանդացի գիտնականները կատարել են` հավանաբար պատմության մեջ ամենաերկարատև գիտափորձը, որի ընթացքում 25 տարի անընդմեջ ուսումնասիրվել է կաթի ազդեցությունը թվով 5765 տղամարդկանց առողջական վիճակի մասին։ Պարզվել է, որ թարմ եփած և հետևաբար բարձր յուղայնություն ունեցող կաթի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում չի նպաստում սիրտ-անոթային և հատկապես սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը։
Հակաուռուցքային ազդեցություն
ԱՄՆ գիտնականները 20 տարի անընդմեջ ուսումնասիրել են կաթի ազդեցությունը վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության վրա։
Ստացված արդյունքներն ավելի քան համոզիչ են.
- Կանոնավոր ձևով կաթ օգտագործողների մոտ 3 անգամ ավելի քիչ է հայտնաբերվել ուղիղ կամ հաստ աղիների քաղցկեղ։
- Կաթը կանխարգելում է մաշկի, կաթնագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը։
- Օրը 400-1000 մլ կաթ խմողների մոտ 4-21 %-ով նվազում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։
Կոնյուգիրացված լինոլենային թթու
Անցյալ դարի վերջում` 80-ական թվերին յուղալի, թարմ կաթի մեջ հայտնաբերվել է լինոլեային թթվի իզոմեր, որն ունի մի շարք օգտակար հատկություններ. կանխարգելում է ճարպակալման, շաքարային դիաբետ և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը ու դրականորեն է ազդում մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա։
