Նախնական արդյուքներով որ քաղաքական ուժը կհաղթի և որքան ձայներ կհավաքեն ընտրություններին․ Զարմանալի արդյուքներ

Ինչ վարկանիշ ունեն քաղաքական ուժերը նախքան քարոզարշավի մեկնարկը․ «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ը՝ ԱրմԷս-ը, ամփոփել է հարցման 3-րդ փուլի արդյունքները։ Նախընտրական հարցման երրորդ փուլը սկսվել էր ապրիլի 1-ին, ավարտվել՝ մայիսի 2-ին, հարցմանը մասնակցել է 925 մարդ։ ««Քաղաքացիական պայմանագիրը» պահպանում է զգալի առավելություն ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, թեև դեռևս չի հասնում միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությանը:

Առաջատար ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը խնդիրներ է առաջացնում «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ նրանցից ոչ մեկը չի հասնում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: «Ուժեղ Հայաստանը» մնում է միակ ընդդիմադիր ուժը, որը հաղթահարում է անհրաժեշտ ընտրական շեմը: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները գրանցում են չնչին արդյունքներ և չեն մոտենում անցողիկ շեմին»,- նշվում է հետազոտության մեջ։ Կենտրոնի նախորդ երկու հարցումների արդյունքների համադրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին վարչապետի գործունեության հավանության ցուցանիշը հետևողականորեն աճել է։
Եթե առաջին հարցման դեպքում այն եղել է 36 տոկոս, երկրորդում հասել է 47,2 տոկոսի, իսկ երկրորդում՝ 49 տոկոսի։ Փաշինյանի աշխատանքից դժգոհողների թիվը 45 տոկոսից նվազել է՝ հասնելով 33,7 տոկոսի։ Երկրի ընթացքի վերաբերյալ հանրային ընկալումները զգալի փոխվել են. եթե առաջին հարցման ժամանակ 38 տոկոսը կարծում էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ապա երրորդ փուլի արդյունքներով՝ 44 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 30,9 տոկոսը՝ սխալ: ԱրմԷս-ը մատնանշում է հինգ կարևոր զարգացում՝ 1) Տնտեսության վերաբերյալ հանրային ընկալումները զգալիորեն բարելավվել են, 2) Հայաստանյան հասարակությունը շարունակաբար դրական է գնահատում երկրի անվտանգային միջավայրը, 3) Հարցվածների մեծ մասը հավանություն է տալիս իրանական պատերազմի հարցում Փաշինյանի կառավարության կեցվածքին, 4) ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հանրային ընկալումներն ակնհայտորեն վատթարացել են, ու թեև ավելի շատ մարդիկ այն օգտակար են համարում, քան վնասակար, այդ տարբերությունը առաջին հարցման համեմատությամբ էապես նվազել է, 5) «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակցությունն աստիճանաբար նվազում է, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աջակցությունը պահպանվում է անփոփոխ լճացման մակարդակի վրա։ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները լինեին վաղը» հարցման արդյունքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ապահովում է ձայների հարաբերական մեծամասնությունը 32,5 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ 1 տոկոսով նվազել է։ Ըստ ԱրմԷս-ի՝ տոկոսային տեղաշարժ է նկատվել նաև ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշում։
«Ուժեղ Հայաստան»-ը մնում է երկրորդ տեղում 10,1 տոկոսով՝ նախորդ հարցման համեմատ արձանագրելով 1,3 տոկոս նվազում, «Հայաստան» դաշինքը, որին, դաշինք լինելով պայմանավորված, անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, 4,4 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3,4 տոկոսով չորրորդն է։ «Սահմանադրության համաձայն՝ խորհրդարան պետք է անցնի առնվազն երեք խմբակցություն, ուստի, եթե նույնիսկ «Հայաստան» դաշինքը չհաղթահարի 8 տոկոսի շեմը, զբաղեցնելով երրորդ տեղը՝ ինքնաբերաբար կհայտնվի խորհրդարանում: Սակայն եթե «Բարգավաճ Հայաստան»-ին հաջողվի հասնել 4 տոկոսի շեմին, ապա այն կանցնի «Հայաստան» դաշինքից և կդառնա խորհրդարան անցած երրորդ ուժը»,- գրում է ԱրմԷս-ը։ Ինչպես նախորդ երկու հարցումների ժամանակ՝ այս անգամ ևս զգալի տոկոս են կազմում չկողմնորոշվածները, որոնց թիվը 2,5 տոկոսով աճել է երկրորդ հարցման համեմատ. հարցվածների շուրջ 40 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել՝ ում օգտին է քվեարկելու։ ««Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակն ընտրած հարցվողները կազմում են 25,4, իսկ «չգիտեմ» պատասխանած անձինք՝ 14,1 տոկոսը։ Այս երկու խմբերը միասին կազմում են հայկական ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը, ընդհանուր առմամբ, 39,5 տոկոս։

Հենց այս ձայների բաշխումը կորոշի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքը»,- նշում է ԱրմԷս-ը։ Ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին, արդյո՞ք վաղը սկսվող մեկամսյա քարոզարշավի ընթացքում 19 քաղաքական ուժերը կարող են էականորեն ազդել չկողմնորոշված ընտրողների դիրքորոշման վրա, պարզ կդառնա ուղիղ մեկ ամիս անց։
