Կրկին ավտոբուսի վարորդի են ծեծել․ Այս անգամ ուղևորի հարազատները

Նախօրեին՝ ապրիլի 21–ին, Երևանում ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ թիվ 60 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից, ինչի հետևանքով վնասվածք է ստացել աշխատանքային ժամին։

Վարորդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ NEWS.amժ–ի այս տեղեկությունը հաստատել է «Երևան ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Մայրաքաղաքի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում շահագործվում է 752 հատ ավտոբուս, փաստացի սպասարկվում է 64 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 680-690 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Ավտոբուսային հավաքակազմի համալրմամբ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ավտոբուսներով ուղևորափոխադրման ծավալը: Մասնավորապես 2024 թվականին ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է շուրջ 102.0 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 10.7 մլն-ով, իսկ տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 71.4%։
Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս բավարար չէ։
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը և ավտոբուսային երթուղիների շահագործման կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով։
