Կանանց մոտ անցանկալի մազածածկույթի առաջացման պատճառներն ու այդ խնդրից ազատվելու միջոցները: Գրում է med.tert.am-ը


Աշխարհում յուրաքանչյուր քսաներորդ կինը բախվում է հիրսուտիզմի խնդրին, որը գտնվում է կոսմետոլոգիայի, էնդոկրինոլոգիայի և հոգեբանության միջնագծին:
Անցանկալի մազածածկույթը կարող է վկայել ոչ միայն առողջական լուրջ խնդիրների մասին և նույնիսկ անպտություն առաջացնել, այլև դառնալ ծանր հոգեկան ապրումների պատճառ:
Հիրսուտիզմը` կանանց ոչ բնորոշ առատ մազածածկույթը մարմնի և առավել ևս դեմքի վրա կարող է լինել էնդոկրին համակարգի լուրջ ախտաբանության նշան: Եթե ավելորդ մազածածկույթն ի հայտ է եկել կնոջ վերին շուրթի հատվածում, կզակին, մեջքին կամ կրծքին, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի հետ, ով կնշանակի ուլտրաձայնային հետազոտություն և արյան անալիզ՝ սեռական հորմոնների մակարդակը պարզելու համար:
Հիրսուտիզմը կարող է պայմանավորված լինել արական սեռական հորմոնների բարձր մակարդակով, ինչը հաճախ լինում է ձվարանների խնդիրների դեպքում: Բացի այդ, նման ախտանշան լինում է նաև բարորակ կամ չարորակ ուռուցքների դեպքում: Մակերիկամների հիվանդությունները նույնպես կարող են ազդել մազածածկույթի վրա, քանի որ հենց մակերիկամներում են արտադրվում արական հորմոնները:
Ավելորդ մազերը կարող են ի հայտ գալ հիպոֆիզի ուռուցքների դեպքում, ինչի պատճառով արական հոմոնները սկսում են շատ արտադրվել և կարող է առաջանալ վիրիլիզմ (այրանմանություն): Այս դեպքում, մազակալումից բացի, փոխվում է նաև կնոջ ձայնը, դադարում են դաշտանային ցիկլերը, իսկ դիմագծերով նա սկսում է նմանվել տղամարդու:
Լինում է նաև դեղորայքային հիրսուտիզմ, որն առաջանում է կորտիկոստերոիդների և այլ դեղամիջոցների (հիմնականում հորմոնային) ընդունման հետևանքով: Այս դեպքում բուժման համար հարկավոր է հնարավորության դեպքում դադարել ընդունել այդ դեղամիջեցները կամ փոխարինել դրանք մեկ ուրիշով:
Եթե հիրսուտիզմի պատճառ են հանդիսանում ձվարանների կամ մակերիկամների ուռուցքները, ապա դրանք հարկավոր է հեռացնել վիրահատական ճանապարհով: Դեղորայքային բուժում նշանակվում է միայն այդ ախտորոշման բացառման դեպքում: Դեղամիջոցների ընդունումը տևում է առնվազն 6 ամիս և կարող է տևել մինչև 1 տարի: Հիրսուտիզմի առաջացմանը հանգեցրած խնդրի վերացումից հետո անցանկալի մազածածկույթի քանակությունն ու խտությունը և դրանց աճի արագությունը նվազում են, սակայն բուժումը չի կարող ամբողջությամբ ազատել այդ անցանկալի մազերից: Սա է պատճառը, որ դեղորայքային բուժումից բացի, հարկավոր է նաև կոսմետիկ մեթոդներ օգտագործել:
Մազակալումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն արական հոմոնների առատ արտադրությամբ, այլև այդ հորմոնների հանդեպ մազարմատների գերզգայունությամբ: Այս անոմալիայի պատճառները կարող են շատ տարբեր լինել և որոշվում են արյան անալիզի միջոցով: Ախորոշման հաստատման համար որոշ դեպքերում նաև հարկավոր է ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստուգել փոքր կոնքի օրգանները, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով՝ ձվարաններն ու մակերիկամները:
Սակայն խիստ մազածածկույթը ոչ միշտ է որևէ ախտաբանության նշան: Երբեմն դա կարող է պայմանավորված լինել նաև գենետիկ հակվածությամբ: Այս դեպքում լինում է ընտանեկան կամ գենետիկ հիրսուտիզմ: Հաճախ այս խնդիրը հանդիպում է մուգ գույնի մազեր ու աչքեր ունեցող կանանց շրջանում (հատկապես Արևելքում):
Սակայն հիրսուտիզմը կարող է հանդիպել նաև շիկահերների շրջանում, ընդ որում՝ առանց որևէ հորմոնալ դիսբալանսի կամ ախտաբանության առկայության: Նույնը կարող է նկատվել նաև, այսպես կոչված, իդեոպաթիկ հիրսուտիզմի դեպքում, երբ ախտաբանություն չկա, սակայն կան անցանկալի մազեր:
Դեմքի հատվածում ավելորդ մազեր կարող են ի հայտ գալ նաև դաշտանադադարի ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ կանանց սեռական հորմոններն իրենց տեղը սկսում են զիջել արական հորմոններին:
Ընտանեկան ու իդեոպաթիկ հիրսուտիզմի, ինչպես նաև դաշտանադադարով պայմանավորված անցանկալի մազածածկույթի դեպքում բժիշկը ոչնչով չի կարողանա օգնել, իսկ խդնրի լուծման միակ տարբերակը մազահեռացումը կլինի:
Անցանկալի մազածածկույթից կարել է ազատվել դեպիլյացիոն քսուքի օգնությամբ, սակայն այս դեպքում կարելի է ազդել միայն մազի տեսանելի հատվածի վրա, մինչդեռ մազարմատը մնում է անվնաս: Սա է պատճառը, որ սափրելը, մազերն ունելիով հեռացնելը կամ բիոէպիլյացիան (շուգարինգ) կտան ցանկալի, սակայն կարճաժամկետ արդյունք:
Երկրորդ եղանակը էպիլյացիան է (ֆոտոէպիլյացիա, լազերային էպիլյացիա և այլն), որը թույլ է տալիս ազդել մազի վրա ամբողջությամբ: Նման պրոցեդուրաներից հետո անցանկալի վարսերը կա՛մ ընդհանրապես չեն աճում, կա՛մ դառնում են շատ ավելի բարակ ու նուրբ:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/12/17/ancankali-mazer/45979
