Ի՞նչ ձուկ է սա ՝ սիգա, թե իշխան․ Գրեթե բոլորը միշտ սխալվում են, գրեք ձեր տարբերակը


Սիգ տեսակի ձուկը տափակ է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ։ Գլուխը փոքր է, դունչը՝ սուր։ Թեփուկները համեմատաբար խոշոր են։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով։ Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ։ Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները՝ մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն։
Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում։ Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ։ Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում։ Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ։
Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն։
Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է։ Սևանա լիճ է ներմուծվել 1924-1927 թվականներին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից։ Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։
Ունի արդյունագործական նշանակություն։ ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով։
Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև, երբեմն՝ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։
Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։
Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։
Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ։ Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ 1978 թվականից որսն արգելված է։ Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում։
