Հայտնի է Արա ԴեղտրիկյանԻ մահվան պատճառը


60 տարեկան հասակում մահացել է հայ դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: Դերասանն առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին վկայում էին նրա մտերիմների և դստեր վերջին հրապարակումները, ովքեր արյան դոնոր էին փնտրում:
Դերասանը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։
1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։
2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար։
2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող։
2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
