Հայտնի ապրանքանիշի մանկական կերերի մեջ մկնդեղ է հայտնաբերվել

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնել է, որ համապատասխան հրապարակումներն արդեն գրանցվել են որպես ահազանգ-բողոքներ, և հարցին պաշտոնական ընթացք է տրվել։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը կտեղեկացնի նաև HiPP-ի ներկրողին՝ պարզելու համար՝ արդյոք այդ թունավոր խմբաքանակից ներկրվել է Հայաստան, թե ոչ։

«Մենք չենք կարող խնդիր ստեղծել բոլոր ապրանքների համար։ Մենք կհետաքննենք և կպարզենք, թե արդյոք ունենք այն ճշգրիտ խմբաքանակները, որոնցում թույն է հայտնաբերվել Ավստրիայում, Չեխիայում և այլ երկրներում։ Եթե նման խմբաքանակներ գոյություն ունեն, դրանք ամբողջությամբ կբռնագրավվեն և կոչնչացվեն, ինչպես արվել է NAN արտադրանքի հետ», - ասաց Հարությունյանը։
Միջադեպի հիմքում ավստրիացի գնորդներից մեկի ահազանգն է։ Լաբորատոր փորձաքննությունը հաստատել է HiPP ապրանքանիշի «Գազարով և կարտոֆիլով պյուրե» (190 գրամանոց) մանկական սննդի տարայում առկա մկնդեղի առկայությունը։ Դրանից հետո արտադրանքն անմիջապես հանվել է Ավստրիայի ողջ տարածքում գործող Spar ցանցի ավելի քան 1000–1500 սուպերմարկետների վաճառքից։
Բուրգենլանդի ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչպես կարելի է տարբերել վտանգավոր տարաները. դրանց հատակին փակցված է կարմիր շրջանով պիտակ, կափարիչը վնասված է կամ արդեն բացված, բացակայում է պաշտպանիչ շերտը (պլոմբը) կամ առկա է անսովոր հոտ։
Չեխիայում և Սլովակիայում առգրավված նմանատիպ տարաների նախնական լաբորատոր հետազոտությունները նույնպես հայտնաբերել են թունավոր նյութ։ Ռիսկերի մասին տեղեկատվությունը ավստրիական իրավապահներին է փոխանցվել Գերմանիայում իրականացված հետաքննություններից հետո։
HiPP ընկերությունից հայտնել են, որ չեն բացառում հանցավոր միջամտությունը։ «Մեր ձեռքի տակ եղած տվյալներով՝ այս վտանգավոր իրավիճակը արտաքին հանցավոր գործողության հետևանք է, որն ուղղակի կապ ունի Spar Austria-ի մատակարարման ցանցի հետ», — նշել են արտադրող ընկերության մամուլի ծառայությունից։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ նման տարաների պարունակության օգտագործումը կարող է վտանգավոր լինել կյանքի համար։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել դիտավորյալ թունավորում կամ մատակարարման փուլում արտադրանքի կեղծում։ Ըստ ընկերության հայտարարության՝ բուն գործարանի արտադրական գործընթացը կասկածներ չի հարուցում։
