ՀՀ-ում մոծակից անցնող Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել․ Կան ծանր վիճակում գտնվողներ
ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։
ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Հոսպիտալացվել է 41 հիվանդ։ Արձանագրված դեպքերն Արագածոտնի մարզում են։
Ըստ նրա՝ չորս հիվանդի վիճակը ծանր է։ Մյուսներինը միջին ծանրության է։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
🔸սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
🔸ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
🔸անզուսպ փսխումներ,
🔸լուսավախություն,
🔸ջղաձգումներ, ցնցումներ,
🔸գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
🔷տարեցները,
🔷սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
🔷ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
🔷շաքարային դիաբետ ունեցող անձինք,
🔷քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: