Եթե գիտեք ինչ բույս է սա, գրեք անունը․ Այն Մխիթար Հերացին որպես դեղամիջոց է օգտագործել


Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։Արմատային համակարգը առանցքային է։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։
Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը։
Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։
Անանուխը մեծ քանակով յուղ է պարունակում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կանխարգելում է բջիջների վնասումը։ Բացի այդ՝ անանուխը հականեխիչ հատկություն ունի, հրաշալի միջոց է միջատների խայթոցների դեպքում։
Անանուխն արդյունավետորն չեզոքացնում է տոքսիկոզի նշանները, լավացնում է ախորժակը, կանխարգելում առանց պատճառի անհանգստության նոպաները, որոնք հաճախ են նկատվում հղիության ընթացքում. հաշվի առեք, որ հղիության դեպքում այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով, հակառակ դեպքում՝ արգանդի տոնուսը կարող է բարձրանալ։ Անանուխն օգնում է ազատվել ցավից՝ դաշտանային ցիկլի ընթացքում, և դաշտանադադարի տհաճ նշաններից։
