Ի՞նչ առողջական խնդիր ունեք, եթե առավոտյան արթնանում եք գլխացավով․ Իմացեք և եղեք առողջ
Նյարդաբան Ալեքսանդրա Ալյոխինան ասել է, որ առավոտյան գլխացավի պատճառներից մեկը կարող է լինել արյան բարձր ճնշումը։
Առավոտյան «ծանր» գլխով արթնանալով՝ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ձեր բարձը շա՞տ բարձր է: Բժշկի խոսքով, երբ քնած մարդու ուսերը չեն կարողանում ճիշտ իջնել, պարանոցն ու մեջքի վերին հատվածը մեծ սթրեսի են ենթարկվում։ «Առավոտյան գլխացավերը հաճախ կապված են լարվածության ցավերի հետ։ Այս դեպքում նոր բարձը կամ ավելի կոշտ ներքնակը կարող է խնդրի լուծում լինել։
Ատամների կրճտացում. Բրուքսիզմը, որը բնութագրվում է գիշերը ատամների ուժեղ սեղմումով կամ կրճտոցով, կարող է ծնոտի հատվածում ուժեղ լարվածություն առաջացնել, ինչը նույնպես նպաստում է գլխացավերի առաջացմանը: Նման գործողության պատճառը հաճախ սթրեսն է, ուստի հակասթրեսային միջոցները կարող են օգնել հաղթահարել խնդիրը։
Խռմփոց. Որոշ մարդիկ շատ բարձր են խռմփացնում ու այն կարող է լինել պատճառ, որ մարդը առավոտյան արթնանա գլխացավով։ Սա նախևառաջ բնորոշ է քնի ապնոէով տառապող մարդկանց՝ շատ վտանգավոր խանգարումով, որը ուղեկցվում է քնի ժամանակ շնչառության դադարներով, որը բուժում է պահանջում:
Բարձր արյան ճնշում. Սովորաբար սիրտը «հանգստանում» է նաև գիշերը. քնի ժամանակ սրտի զարկերը րոպեում նվազում են մոտ տասը զարկով։ Բայց եթե գիշերը ինչ-որ սթրեսային գործոն կա՝ բարձր աղմուկ, հեռախոսազանգ կամ անհանգստություն, դա հանգեցնում է սթրեսի հորմոնների ավելացման և սրտի բաբախյունի բարձրացման: Արդյունքում ձեր արյան ճնշումը բարձրանում է, և դուք կարող եք առավոտյան արթնանալ գլխացավով:
Ե՞րբ պետք է գնալ բժշկի: Եթե առավոտյան գլխացավերը հազվադեպ են լինում, դրանք հիմնականում անվնաս են։ Հաճախ նման անհանգստությունը կապված է ջրազրկման կամ ննջասենյակում թթվածնի պակասի հետ։
«Բայց նաև առավոտյան գլխացավը կարող է նշանակել ավելի լուրջ բան, օրինակ, գիշերային հիպոգլիկեմիայի զարգացում շաքարախտի, ալերգիայի, նյարդաբանական խանգարումների պատճառով: Եթե երկար ժամանակ արթնանում եք գլխացավով, ապա դրա պատճառները պետք է ճշտեք բժշկի հետ»,- խորհուրդ է տվել մասնագետը։