Աղմուկ ականջներում. ախտանշանները և բուժման եղանակները ներկայացնում է լօռ մասնագետ Գայանե Սարգսյանը


Doctors.am-ը գրում է ՝
Ականջում աղմուկը մշտապես անհանգստացրել է մարդկությանը՝ ազդելով արվեստի և քաղաքականության վրա, հետապնդելով Վան Գոգին, Բեթհովենին, Դարվինին և շատ-շատերին:
Տարբեր հետազոտական տվյալների համաձայն՝ ականջի աղմուկով տառապում է երկրի բնակչության 4.4-15%-ը, և ցավոք, այս խնդիրը խիստ բացասաբար է անդրադառնում դրանով տառապող մարդկանց մեծ մասի կյանքի որակի վրա:
Doctors.am-ը խնդրին առավել մանրամասն կերպով ծանոթացավ օտորինոլարինգոլոգ, բ.գ.թ. Գայանե Հայկի Սարգսյանի օգնությամբ:
Բժշկուհի, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել աղմուկը ականջներում, և աղմուկի ի՞նչ տեսակներ ենք տարբերակում:
Ականջներում աղմուկը կամ տիննիտուսը(աղմուկի միջազգային տերմին) ականջում աղմուկի ընկալումն է առանց արտաքին ազդակների: Տարբերակում ենք առաջնային և երկրորդային աղմուկներ:
Առաջնային աղմուկը, որը իդեոպաթիկ(պատճառն անհայտ է) է, լինում է սենսոնևրալ ծանրալսությամբ(ներքին ականջի ընկալիչների ախտահարմամբ) ուղեկցված և առանց:
Երկրորդային աղմուկը մեկ այլ(ոչ սենսոնևրալ ծանրալսություն) հիվանդության պատճառով առաջացած աղմուկն է, որը կարող է նաև բացարձակ կապ չունենալ ականջի հետ:
Աղմուկի բնույթը կարող է տարբեր լինել՝ զնգոց, բաբախոց, պուլսային կամ խշշոցի ձևով:
Ստացվում է՝ առաջին մասնագետը, ում պետք է դիմել, ԼՕՌ բժիշկն է:
Շատ հաճախ հիվանդները դիմում են և նյարդաբանների, և թերապևտների…
Իհարկե Ճիշտ է ուղղորդել ԼՕՌ մասնագետի մոտ, որպեսզի մենք կարողանանք որոշել աղմուկի տեսակը(առաջնային, թե երկրոդային), հստակեցնել՝ կա՞ արդյոք ուղեկցվող ծանրալսություն, թե՝ ոչ:
Ի՞նչ այլ գործոններով և հիվանդություններով կարող է պայմանավորված լինել աղմուկն ականջներում:
Կարևոր է տեղեկացնել, որ երկրորդային աղմուկը պոտենցիալ բուժելի է: Դրա պատճառները բազմաթիվ են, դրանք կարող են կապված լինել ականջի այլ պաթոլոգիաների հետ կամ նույնիսկ առնչություն չունենալ անմիջապես ականջի և լսողության հետ:
ԼՕՌ
Ծծմբային խցան
Միջին օտիտ
Օտոսկլերոզ
Մենյերի հիվանդություն
Վեստիբուլյար շվանոմա
Այլ
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
Անոթների անոմալիաներ
Քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիա
Վահանաձև գեղձի դիսֆունկցիա
Ուռուցքային հիվանդություններ
Որոշ դեղախմբեր, որոնք ունեն կողմնակի օտոտոքսիկ ազդեցություն
Ձեզ հաճա՞խ են դիմում մարդիկ առաջնային աղմուկի խնդրով:
Ցավոք, այո: Այս խնդրով դիմողները բազմաթիվ են: Հարկավոր է հնարավորինս մանրամասն ներկայացնել այն բոլոր մեթոդները, որոնք կօգնեն այդ աղմուկը դարձնել հնարավորինս քիչ լսելի:
Հիվանդների արձագանքը աղմուկին կարող է տարբեր լինել. մեկը կարող է անտեսել աղմուկը, մյուսի մոտ այն կարող է ընդհուպ առաջացնել հոգեկան խնդիրներ, գրականության մեջ նկարագրված են նույնիսկ սուիցիդալ դեպքեր:
Ինչի՞ց սկսել ախտորոշումը, բացառել հարակից խնդիրները և, իհարկե, նշանակել համապատասխան բուժում:
Նախևառաջ, անպայմանորեն պետք է պարզել՝ աղմուկն առաջնային է, թե՝ երկրորդային: Եթե աղմուկը միակողմանի է՝ սկզբում անհրաժեշտ է անցկացնել օտոլոգիական և աուդիալոգիական քննություն, և եթե բացառվում է մեր կողմից հիվանդության առկայությունը, անմիջապես ուղղորդում ենք այլ մասնագետի մոտ՝ սրտաբան, նյարդաբան, հստակ ախտորոշման համար կարող է իրականացվել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություններ անոթների դուպլեքս հետազոտություն:
Իսկ առաջնային աղմուկի պարագայում, որը, շատ հաճախ ուղեկցում է նաև ծանրալսությամբ, կարևոր դեր ունի խորհրդատվությունը, քանի որ ամբողջ աշխարհում ներկայում չկա որևէ դեղորայք, որի բացարձակ արդյունավետությունն ապացուցված է:
Այն դեղորայքները, որոնք մենք օգտագործում ենք, մեծամասամբ սննդային հավելումների տեսքով են և ոչ մի գիտական ապացույցներ չկան, որ դրանք կվերացնեն աղմուկը:
Բուժումը ներառում է, ինչպես արդեն նշեցի, ճիշտ և մանրամասն խորհրդատվությունը, համապատասխան ցուցումների տրամադրումը՝ կապված կենսակերպի հետ:
Եթե աղմուկն ուղեկցվում է ծանրալսությամբ՝ պացիենտին կօգնեն լսողական սարքերը, որոնք և կբարձրացնեն լսողությունը, և կփոխեն անձի ընկալումը աղմուկի նկատմամբ:
Քանի որ ներկայում չկան խնդրի վերջնական լուծման տարբերակներ՝ բուժման այլընտրանքային տարբերակները բազմազան են՝ սկսած ասեղնաբուժությունից մինչև լազերային թերապիա…
Ներկայում ամենաշատ դրական արձագանքներ ունեն ձայնային թերապիան և լսողական սարքերը, որոնք ունեն նաև ձայնային թերապիայի ծրագիրը:
Այսինքն առաջնային աղմուկի պարագայում, երբ չկա խնդրի ամբողջական լուծման տարբերակ՝ պետք է համակերպվել և կարողանալ ապրել այդ աղմուկով: Անհրաժեշտություն առաջանու՞մ է զուգահեռ այցելել նաև հոգեբանի:
Գնահատելով պացիենտի արձագանքն աղմուկին, որոշվում է հետագա քայլերի հաջորդականությունը:
Եթե ԼՕՌ բժիշկը նկատում է, որ աղմուկի հանդեպ արձագանքը շատ սուր է, առաջացնում է դեպրեսիա, քնի խանգարումներ, խորհուրդ է տրվում դիմել նյարդաբանի և հոգեբանի: Աղմուկի հանդեպ ոչ շատ սուր արձագանքի դեպքում կարելի է ցուցել լսողական սարքերի կրում, որոնք ունեն աղմուկը քողարկող ֆունկցիա:
Կա՞ արդյոք տարիքային տարբերակում: Ո՞ր տարիքում է մարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում առաջնային աղմուկ ականջներում:
Ծանրալսությունն, ընդհանուր առմամբ, առավել հաճախ հանդիպում է 50+ տարիքային խմբի անձանց շրջանում: Ուստի կարող ենք համարել, որ առաջնային աղմուկը ևս ավելի բարձր տարիքում է հանդիպում:
Իսկ կա՞ն արդյոք ռիսկային խմբեր:
Ռիսկի խմբում գտնվող մարդիկ են նրանք, ովքեր իրենց ժամանակի զգալի հատվածն անցկացնում են աղմկոտ միջավայրում՝ երաժիշտներ, dj-ներ, աղմկոտ արտադրամասերի աշխատակիցներ, զինվորականներ:
Մարդը, ով ունի ախտորոշված առաջնային աղմուկ ականջներում, ողջ կյանքում պետք է գտնվի բժշկի հսկողության ներքո՞:
Այո, ճիշտ եք նկատել: Այս պացիենտները մշտապես պետք է գտնվեն բժշկի հսկողության ներքո: Երբ կա ուղեկցվող ծանրալսություն՝ պետք է պարբերաբար՝ 6 ամիսը 1 անգամ, այցելել բժշկի, ստուգել լսողությունը: Բժիշկը կգնահատի աղմուկի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է ,թե ոչ:
Ստացվում է, որ սա բացի զուտ առողջական խնդիր լինելը, նաև սոցիալական խնդիր է, անդրադառնում է մարդու կյանքի որակի, աշխատունակության վրա: Ինչպե՞ս են Ձեր պացիենտներն ինտեգրվում հասարակության մեջ:
Ցավոք այդպես է: Նույնիսկ կան հատուկ հարցաշարեր, որոնք գնահատում են, թե աղմուկն ինչպես է ազդում մարդու կյանքի որակի վրա:
Հիվանդի հետագա կյանքը պայմանավորված է ԼՕՌ բժշկի, հոգեբանի, երբեմն նաև հոգեբույժի ճիշտ մոտեցմամբ. ինչպես հիվանդին բացատրել իր խնդիրը, ինչպես համակերպվել և հաղթահարել աղմուկը:
Որպես վերջաբան, ո՞րը կլինի Ձեր խոսքը և խորհուրդն ընթերցողին:
Խորհուրդ կտամ ընթերցողին չանտեսել աղմուկը և դիմել համապատասխան մասնագետի:
Շատ դեպքերում, միայն ճիշտ խորհրդատվությունը, պացիենտին իր խնդիրը ճիշտ և նրբանկատորեն ներկայացնելը, կարող է օգնել ստանալ դրական արդյունքներ:
Աղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
