Ամառային խառը տոլմա․ Ձեզ ենք ներկայացնում իսկական հայկական տոլմայհի ճիշտ պատրաստման եղանակը ՝ ամառային տարբերակով
Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։
Տոլման պատրաստում են խաողոի տերևից և մսային միջուկից, բայց ամռանն այն պատրաստում ենք խառը բանջարեղենով և անվանումը այդպես էլ կոչվում է ՝ Ամառային խառը տոլմա։
Բաղադրամասեր
800 գրամ տավարի միս,
250-300 գրամ խոզի յուղոտ միս կամ ճարպ (եթե տավարի միսը յուղոտ է խոզի միսը կամ յուղը քիչ կարող եք օգտագործել),
200 գրամ գլուխ սոխ,
2-3 հատ սմբուկ,
2-3 հատ լոլիկ,
կաղամբ,
պղպեղ - 2-3 հատ,
համեմ – 1 փունջ,
սամիթ,մաղադանոս, ռեհան – 1-ական ճյուղ,
կլոր բրինձ – 50 գրամ,
աղ, սև աղացած պղպեղ,
տոմատի մածուկ – 4-5 ճ. գդ
Պատրաստման եղանակը
Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ ևխառնել մսին, աղ, պղպեղ ցանել:
Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:
Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:
Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:
Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատակ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա: