Շուկայից այս բանջարեղենն եմ գնել, բայց անունը չգիտեմ․ Խնդրում եմ գրեք այս բանջարեղենի անունը
Արտիշոկը պատկանում է աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին: Մշակության մեջ հայտնի է մշակովի արտիշոկ տեսակը (Cynara scolymus), որը հայտնի է նաև արտիշոկ ցանովի, արտիշոկ փշոտ և հայկական կանգկուր անվանումներով:
Կանգկուրը բազմամյա բանջարային բույս է: Արտաքին տեսքովշատ նման է տատասկափշին, բայց ավելի խոշոր է կապույտ, կանաչ, մանուշակագույն երանգների ծաղկաթափքերով։ Ամռան սկզբում վարդակից աճում է մինչև 1,5 մ բարձրությամբ ցողունը, որի գագաթին առաջանում են հիմքում հաստացած թեփուկավոր, գնդաձև, կոնաձև կամ հարթ կլորավուն, 12-20 սմ տրամագծով ծաղկաթափքեր։
Զամբյուղների ներսում տեղավորված են դեղնավուն կամ մուգ կապույտ ծաղիկներ, որոնք նստած են մսալի, հատակային ծաղկակալում։ Սննդի մեջ օգտագործվում են չբացված ծաղկաթափքերը մաքրած թեփուկների եզրերից և ծաղիկներից։ Հում վիճակում համը հիշեցնում է չհասունացած ընկույզի և համարվում է նրբահամ բանջարեղեն։
Ծաղկած կանգկուրը կոշտ է և չի ուտվում։ Պտուղը և տերևները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։
Կանգկուրի հայրենիքը հայտնի չէ: Այն տարածված է եղել միջերկրական ծովի ափերին: Ըստ Ի. Ա. Կուրյուկովի, կանգկուրը հնադարյան դելիկատես բույս է: Մինչև մեր թվարկությունը միջերկրական ծովի ափերին բնակվող ժողովուրդներն օգտագործել են կանգկուրի վայրի ձևերը, իսկ մշակովի ձևերը հայտնի են դարձել 15-րդ դարում՝ իտալացիների կողմից (մշակել են Սիցիլիայում և Նեապոլում): 16-րդ դարում կանգկուրը տարածվում է ֆրանսիայում և Գերմանիայում: Այնուհետև տարածվել է միջերկրական ծովի ափամերձ այլ երկրներում: Ներկայումս կանգկուրը շատ մեծ տարածքների վրա մշակվում է Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային և Արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։
Աշխարհում հայտնի է կանգկուրի մոտ 40 ուտելի տեսակներ, որոնցից 4-ն աճում են Իտալիայում: Ելնելով հայկական կանգկուր (կանգ և կերակուր) անվանումից, կարելի է ենթադրել, որ մեր նախնիները նույնպես իմացել են այս բույսի մասին։
Կանգկուրը պարունակում է շատ երկաթ, հանքային աղեր, յոդ և սաթաթթու, ինչպես նաև սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ (A, B, C, PP), որոնք նմանվում են օսլայի և չեն վերածվում գլյուկոզայի: Դրա շնորհիվ կանգկուրը օգտավետ բանջարեղեն է շաքարախտով տառապող հիվանդների համար:
Կանգկուրի ծաղկափթթությունը պարունակում է 15-27 % չոր նյութեր, 15 % շաքարներ, 2.5 % սպիտակուցներ, 2-3.8 մգ % ասկորբինաթթու, 0.2 մգ % կարոտին:
Կանգկուրի ուտելի մասերն անհաս ծաղկաբողբոջներն են, տերևները և միջուկը:
Ասում են, որ բողբոջները պարունակում են մի այնպիսի քիմիական նյութ, որը քաղցրացնում է այն ուտելիքը, որն ուտվում է բողբոջներն օգտագործելուց անմիջապես հետո: Հասունացած արտիշոկի ծաղիկները պարզ երկնագույն են, բայց ուտելի չեն:
Կանգկուրն ունի երկար առանցքային արմատ: Տերևները խոշոր են, փետրաձև կտրտված, բլթակները՝ նշտարաձև, վերջավորությունները՝ փշոտ: Տերևները մոխրականաչավուն են, հակառակ կողմը պատված է սպիտակ թավով: Բույսերը բարձրանում են մինչև 1.5 մ, ցողունները վերջանում են խոշոր ծաղկափթթություններով՝ զամբյուղներով, որոնք լինում են գնդաձև, տափակ կլորավուն, կոնաձև:
Ծաղկափթթությունը բաղկացած է դեղնագույն, խողովակաձև, կապույտ, լեզվականման բազմաթիվ ծաղիկներից, ունի մսալի ծաղկակալ, որը պատված է կանաչավուն կամ բաց կանաչ, մանուշակագույն թեփուկներով:
Պտուղը խոշոր սերմիկ է, ամուր թաղանթով: Սերմերը խոշոր են, սպիտակամոխրավուն, մարմնագույն կամ սև գույնի և հիշեցնում են արևածաղկի սերմերը: Սերմերի ծլունակությունը պահպանվում է մինչև 6 տարի: Կանգկուրը դիմանում է -2-30C ցրտին:
Ծաղկափթթությունը ցրտահարվում է -10C-ի պայմաններում: Արարատյան հարթավայրի հաստ ձյունածածկոցի պայմաններում լավ է ձմեռում, իսկ առանց ձյունածածկոցի ցրտահարվում է: Հողի բերրիության նկատմամբ պահանջկոտ է: Կանգկուրը բազմանում է սերմերով, սածիլման միջոցով և արմատային մացառներով:
Սերմերով բազմացրած բույսերն ավելի առողջ են լինում: Մացառներով բազմացրած բույսերից ստացվում են համահավասար ծաղկափթթություններ: Կանգկուրը սովորաբար առաջին տարին չի ծաղկում: Այն ցանքերում, որտեղ սերմերը նախօրոք ենթարկվել են յարովիզացիայի (կոփման), բերքը ստացվում է առաջին տարում:
Կանգկուրը թեև ցրտադիմացկուն է, սակայն բարձր ու որակյալ բերք է ապահովում, երբ աճեցվում է մեղմ և զով կլիմա ունեցող վայրերում: Սովորաբար բազմամյա բանջարեղենները խորհուրդ չի տրվում ցանել տաք և շոգ կլիմայի պայմաններում: Ստվերը և թեթև ոռոգումը բավականին օգնում են կանգկուրի բերքատվության բարձրացմանը: Բարձր ջերմաստիճանի պայմաններում բողբոջները պնդանում են, վատանում են համային և որակական հատկանիշները և նվազում բերքատվությունը: Բողբոջները բավականին տուժում են ցրտահարությունից: Հաճախակի ցրտահարումները կարող են ամբողջովին վնասել բույսը: Եթե խնամքն իրականացվի ըստ համապատասխան ագրոտեխնիկայի, ապա բույսը կարող է հինգ տարի մնալ նույն տեղում և ապահովել որակյալ ու բարձր բերք:
Կանգկուրը խաչաձև փոշոտվող բույս է: Փոշոտվում է քամու և միջատների միջոցով: Սերմնաբուծական ցանքերում սորտերը մաքուր պահելու համար պետք է պահպանել 1.5-2 կմ տարածական մեկուսացում:
Կանգկուրը հողի նկատմամբ պահանջկոտ է, ավելի լավ է աճում ավազակավային, չափավոր խոնավ, պարարտացրած հողերում: Չորային շրջաններում, ոչ բավարար խոնավ հողերում դանդաղ է աճում, զամբյուղները փոքր են լինում, թեփուկները՝ պակաս մսալի: Կանգկուրը մշակվում է հիմնականում հարավային շրջաններում, որովհետև աճման և ծաղկման շրջաններում ջերմության նկատմամբ պահանջը մեծ է:
Ինչպես արդեն նշվեց, կանգկուրը բազմամյա է, բայց կարել