Ուրցի բուժիչ հատկությունները

Դիտումներ 602
Ուրցի բուժիչ հատկությունները

«Սիսնապար». այսպես են անվանել ուրցը հայերը հին ժամանակներում։ Այս բույսը սիրում է աճել հողին սերտաճած մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը և մաքուր օդը։ Ծաղկման շրջանում այն լցնում է օդը աննկարագրելի բույրով, որը դեպի իրեն է ձգում մեղուներին և այլ միջատների։

Հնագույն ժամանակներում եգիպտացիներն օգտագործել են ուրցը մարմինը զմռսելու համար նախատեսված հոտավետ խեժի կազմում։


Պլինիուսը խորհուրդ է տվել եփել ուրցը քացախի մեջ և օգտագործել գլխացավի դեմ։ Վերգիլիոսը խորհուրդ է տվել հռոմեացիներին օգտագործել ուրցը (ծոթոր)` որպես համեմունք քացախի հետ, նաեւ ընդունել ուրցով լոգանք մարտից առաջ։

Միջին դարերում ուրցը բերվում է Կենտրոնական Եվրոպա։ Արքա Կարլոս Մեծը հավատում է համեմունքային բույսերի մոգական հատկություններին։ Միջնադարի ասպետների հանդերձանքին պատկերում էին ուրցի ծաղկած ճյուղիկը եւ մեղուների պարսը։ Կարլոս Մեծը 812թ. կազմեց օգտակար բույսերի ցուցակ, որում ուրցը զբաղեցնում էր առաջնահերթ տեղերից մեկը, թվով 74 բույսեր սկսեցին մշակել արքայական պարտեզներում։ Քրիստոնեական մշակույթում ուրցը համարվում է Աստվածածին բույս։ Հավատում էին, որ բույսի բուրումնավետ հոտը վանում է չար ուժերին։ Հնագույն ժամանակներից ուրցը օգտագործել են խոհարարության մեջ, միջնադարի շատ գրքերում բերված են բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործվում է ուրցը։ Այն մաս է կազմում լայն կիրառում ունեցող ժամանակակից համեմունքային խառնուրդների մեջ` «bouguet de garni» և «fines herbes»։

Thymus serpullum-այս անվանումն ընդգրկում է շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի մի մեծ խումբ։ Դրանք ցածր, շատ դիմացկուն բույսեր են։ Աճում են ավազի, ժայռերի, չոր լանջերի վրա, լուսավոր անտառներում` ցածրադիր վայրերից մինչեւ Ալպյան գոտի։ Դրանք տարբերվում են տերեւի եւ ծաղկաբույլերի կառուցվածքով, հոտով եւ համով։ Ուրց գետնատարածը բնության մեջ հանդիպող բույս է, որը մինչեւ մեր օրերը պահպանել է իր նշանակությունը` որպես դեղաբույս։ Այս փոքրիկ բազմամյա թփի բարձրությունը 12-15 սմ է։ Բույսը մշակվել է Հռոմում, հռոմեացիներին հայտնի է եղել Satureja hortensis տեսակը (փՈոպՐ, ծոթոր պարտեզային), որը նրանք թրմել են քացախի մեջ։ 9-րդ դարից սկսել են մշակել շատ եվրոպական երկրներում, օգտագործել են թարմ տերեւները` մսեղենի պատրաստման ժամանակ եւ աղցանների մեջ։ Այս բույսն աճեցնում են մարգերի վրա, բազմանում է սերմերով։ Ցողունը ուղղականգուն է, 30-45 սմ բարձրությամբ, տերեւները նշտարաձեւ են, ծաղկում է հունիսից մինչեւ ձմռան սկիզբ։ Մատիոլին իր «Հերբարիում» գրքում զգուշացրել է, որ օգտագործման մեծ քանակությունների դեպքում «մարդը սանձարձակ է դառնում»։

 
 

Thymus vulgaris-ուրց սովորական տեսակի հայրենիքը Միջերկրական ծովի հյուսիսային ափն է։ Այն հնուց մշակվում է, ունի բազմաթիվ ենթատեսակներ։ Որպես մշակաբույս` տարածված է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ղրիմի մարզում։ Բույսը մեծ կիրառում ունի ավանդական բժշկության մեջ։ Ուրց սովորականը 20-50 սմ բարձրության թուփ է, մշակվում է եթերային յուղի մեջ պարունակվող «տիմոլ» նյութի ստացման համար։ Տերեւների երկու կողմում գտնվող գեղձիկների մեջ պարունակվող եթերային յուղը առավել շատ է ծաղկման սկզբում։ Տիմոլը ունի բուժիչ հատկություններ, բույսից ստացված յուղը ավելացնում են նաեւ ատամի մածուկի, օճառի մեջ, այն ունի լավ բուրմունք եւ մանրէասպան ազդեցություն։ T.vulgaris եւ T. serpyllum տեսակները տարբերվում են ոչ միայն բարձրությամբ եւ ծաղկաբույլերի կառուցվածքով։

Ուրց գետնատարածը ավելի երկար է ծաղկում, այն հրաշալի մեղրատու է (40-140 կգ` մեկ հա-ից), մթերումը կատարում են ծաղկման շրջանում։ Ուրց սովորականը պարունակում է 0,5-2 տոկոս եթերային յուղ, իսկ ուրց գետնատարածը` 0,2-1 տոկոս։ Ուրց գետնատարածի եթերային յուղի մեջ գերակշռում է ոչ թե տիմոլը, այլ կարվակրոլը եւ ցիմոլը, դրա մեջ ավելի փոքր քանակությամբ օրգանական թթուներ են պարունակվում, ավելի մեծ քանակությամբ դառնանյութ եւ խեժ։

Համեմատվող տեսակները պարունակում են նաեւ ֆլավոններ, սապոնին-թիմուս, թթուներ (ուրսոլի, օլեանոլի եւ այլ), դաբաղանյութ, հանքային աղեր, կարոտին, ասկորբինաթթու, տանին։ Ուրց գետնատարածից ստանում են «Պետրուսսին» դեղամիջոցը, որը կա վաճառքում։ Այն խորհուրդ է տրվում որպես խորխաբեր, հազը փափկեցնող միջոց վերին շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Բազմաթիվ հեղինակներ, ուրց սովորականի մասին գրելիս, գրեթե միշտ նշում են նաեւ ուրց գետնատարածը, կարելի է ենթադրել, որ բժիշկները եւ ժողովրդական բուժարարները նախընտրում են բնության մեջ աճող ուրց գետնատարածը։ Այս բույսի ապագան Հայաստանում խիստ վտանգի տակ է։ ՈՒշադրություն։ Ուրց գետնատարածը չի կարելի եւ պարզապես անիմաստ է պոկել հիմքից, հարկավոր է մկրատով կամ սուր դանակով կտրել ցողունի ծաղկակիր մասը։

Հայաստանի բնական պայմաններում աճում է նաեւ ուրց սովորականը։

Ծոթրինը (ծոթոր, ծիտրոն, կորթին) մեր երկրում այնքան էլ օգտագործվող բույս չէ, եւ պարզվում է, որ շատ իզուր։ Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ այն երիտասարդ մնալու կենսահյութ է պարունակում, ծոթրինի եթերային յուղերը ի զորու են չեզոքացնելու ազատ ռադիկալների քայքայող ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։

Նշենք նաեւ, որ ուրցի բոլոր տեսակները ունեն դիմադրողականությունը բարձրացնող հատկություն։ Դեռեւս 9-րդ դարում (Ք.Հ.) Մուհամմադ Զաքարիա Ռազին պատվաստել է երեխաներին ծաղկախտից, սակայն իմունոլոգիայի հիմնադիր է համարվում անգլիացի Էդվարդ Ջեններսը, որը 1796 թ.-ի կրկնել է Ռազիի փորձը, ստանալով դրական արդյունք։ Ուրցը այսօր դասվում է այն բույսերի թվին, որոնք ունեն ադապտոգեն հատկություն, ինչը դարեր առաջ նկատել է Մատիոլին, նա համարել է, որ ծոթրինը ստացել է իր անվանումը անտիկ ծաղրածուներից` Satureja։ Նրանք օգտագործել են բույսը աշխուժությունը պահպանելու համար։

Հետաքրքիր է նկատել, որ հին ժամանակներում մարդիկ օգտագործել են ուրցի տարբեր տեսակները հում վիճակում սնունդի մեջ, խմել դրա թուրմը մեղրի հետ, կամ տարվա ցուրտ եղանակին ամիսը մեկ շփել մարմինը ուրցի եփուկով։

Զգուշացում։ Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։

Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարեւորվում է բույսի վարակամերժ եւ ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները եւ լոգանքը թեթեւացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաեւ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը եւ բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի եւ թեփոտման դեպքում։

Ա. Ամասիացին գրում է. «Լավագույնը սուր հոտով կանաչ ուրցն է։ Եթե ծեծեն ու դնեն մեղվի կծածի վրա, շատ կօգնի։

Ճիճվաթափ հատկություն ունի, տարրալուծում է միզապարկի քարերը, դադարեցնում է սրտխառնոցը։ Եթե ուրցի 4,4 գրամ հյութը խառնեն քացախի ու մեղրի հետ եւ խմեն, կանցկացնի մրսածությունից առաջացած գլխացավը։ Գլխացավի դեպքում կօգնի նաեւ, եթե տերեւների հյութը քսեն գլխին։ Ուրցին կարող է փոխարինել պատրինջը»։

Շարունակությունը այստեղ ՝ https://168.am/2015/07/29/520611.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը