Մթերքներ, որոնք բարձրացնում են միզաթթվի մակարդակն օրգանիզմում, որն էլ իր հերթին առաջացնում է մի շարք հիվանդություններ
Միզաթթուն նուկլեոտիդների կազմության մեջ մտնող պուրինային հիմքերի նյութափոխանակության վերջնական արդյունքն է, որը օրգանիզմից հեռացնում է մնացորդային ազոտը:
Արյան պլազմայում միզաթթուն (Uric acid) հայտնաբերվում է գլխավորապես նատրիումական աղերի տեսքով: Արյան մեջ միզաթթվի մակարդակը կախված է սինթեզի և երիկամներով արտազատման գործընթացների հավասարակշռությունից:
Առողջ մարդկանց մոտ միզաթթվի մակարդակը կարող է մի փոքր բարձրանալ սննդում պուրինների մեծ քանակության և նվազել՝ ցածրպուրինային դիետայի դեպքում: Պուրիններով հարուստ սննդամթերքներից են կարմիր միսը, լյարդը, երիկամները, ուղեղը, լեզուն, ոլոռազգիները:
Տղամարդկանց մոտ միզաթթվի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան մինչծննդաբերական տարիքի կանանց մոտ: 60 տարեկանից անց միջսեռային տարբերությունները հարթվում են: Երեխաների մոտ, ընդհակառակը, միզաթթվի պարունակությունը ավելի ցածր է:
Վտանգավոր մթերքների ցանկ․
1. Ծովամթերք
Այս մթերքներից պետք է խուսափել ցանկացած ձևով՝ թարմ, պահածոյացված, ապխտած, քանի որ դրանք բարձրացնում են արյան մեջ միզաթթվի մակարդակը։
2. Կարմիր միս
Սա ևս մեկ մթերք է, որն առավել նպաստավոր է միզաթթվի մակարդակի բարձրացման համար: Եթե դուք ունեք միզաթթվի բարձր մակարդակ, ապա պետք է այն ամբողջությամբ բացառեք ձեր սննդակարգից։
3. Լոբազգիներ
Միզաթթվի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն ոսպի, ոլոռի և լոբիի ընդունումը շաբաթական մեկ կամ երկու անգամ:
4. Բանջարեղեն
Որոշ բանջարեղեններ նույնպես պետք է չափավոր օգտագործվեն, այդ թվում՝ ծնեբեկը, սունկը, ծաղկակաղամբը, սպանախը, բողկը:
5. Ալկոհոլային խմիչքներ
Գարեջուրն ավելի վնասակար է բարձր մակարդակի միզաթթվով մարդկանց համար, քան ծովամթերքն ու միսը։ Դա պայմանավորված է նրանով, որ այն մեծացնում է այս միացության արտադրությունն օրգանիզմում և դժվարացնում է դրա վերացումը: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել գարեջրից, եթե տառապում եք հոդատապով։
6. Զովացուցիչ ըմպելիքներ
Զովացուցիչ ըմպելիքները և մրգային հյութերը, որոնք պարունակում են եգիպտացորենի օշարակ, նույնպես խթանում են միզաթթվի արտադրությունը:
Քաղցր խմորեղենը, քաղցրեղենը, հացաբուլկեղենը նույնպես մեծացնում են խնդիրը, հատկապես, եթե դրանք շատ շաքար են պարունակում։
7. Սուրճ
Կարգավորեք օրական օգտագործվող սուրճի քանակը: Չափից շատը կարող է վնասակար լինել, ուստի ավելի լավ է սահմանափակվել օրական մեկ բաժակով: