Միս գնելու կանոններ․ Եթե խանութում մսի վրա այսպիսի բան նկատեք, չգնեք հանկարծ

Դիտումներ 7123
Միս գնելու կանոններ․ Եթե խանութում մսի վրա այսպիսի բան նկատեք, չգնեք հանկարծ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է մսի ընտրության հիմնական չափանիշները։

Միսը հանդիսանում է մեր կողմից օգտագործվող հնագույն մթերքներից մեկը: Եվ չնայած դրան, մեզանից շատերը մինչ օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրեն այն:

 

 

Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:

Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝

 


  • Միսը վաճառողի անունը, ազգանունը
  • Կենդանու տեսակը
  • Հատ/կշիռ
  • ԱԲՍՓ համարը
  • ԱԲՍՓ տրման ամսաթիվ
  • Ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը
  • Թարմ մսի կշիռը
  • Մնացորդի կշիռը

Երկրորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:

Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդությամբ նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով: Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:

Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`

ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.

բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.

գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.

դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին:

Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:

Երրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը:

Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին:

Որակյալ սառեցված միսը պետք է ունենա՝

1.Իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ Ձեր առջև ծեր կենդանի է:

2. Դուրեկան հոտ:

3. Սպիտակ կամ կաթնագույն ճարպ (տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է, խոզինը փափուկ է, վարդագույն երանգով, ոչխարինը խիտ է և դեղնավուն չէ): Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ. եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:

4.Վերին բարակ կեղևը խամրած է, վարդագույն կամ կարմիր: Կարմիր մսի կտրվածքի մակերեսին առկա է մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները: Եթե մատը դնեք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ:

Երկրորդային սառեցումից հետո մսի որակը դառնում է ավելի վատը․ գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում:

Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դրանք խոսում են այն մասին, որ կտորը մի քանի անգամ է ենթարկվել սառեցման:

Խոզի մսի ընտրության հիմնական չափանիշները

Խոզի մսի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի: Դա նշանակում է որ կենդանին առողջ է եղել:

Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ և գործնականում առանց թաղանթի:

Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով: Երիտասարդ կենդանիների մոտ միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիների մոտ` ավելի մուգ: Եթե խոզի միսը ավելի քան մուգ է և պատված է թաղանթով, ապա միսը կլինի չոր և կոպիտ:

Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն:

Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշները

 

Առավել թանկ է գնահատվում երիտասարդ ոչխարի կամ գառան միսը, որի տարիքը չի գերազանցում 18 ամիսը, և որը պիտանի չի բազմացման համար: Գնահատվում է նաև բտած ոչխարների միսը, որոնց տարիքը չի գերազանցում 3 տարին: Իմանալ՝ երիտասարդ է արդյոք եղել կենդանին, կարելի գույնի միջոցով: Որքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել: Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ: Ճարպը սպիտակ է և հեշտ առանձնանում է: Վատ կերակրված և ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը` դեղնավուն:

Եթե ճարպը փխրուն է, նշանակում է միսը պահել են սառեցման խցիկում:

Ինչպե՞ս խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից, ինչպիսի՞ նշաններով այն ճանաչել

 

 

Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը, օրինակ` մսի մոխրագույն երանգավորումով: Կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր և մոխրագույն բծերը և արյան կուտակումները բացահայտ վկայում են սխալ սառեցման և պահպանման մասին:

Ուշադիր զննեք կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում:

Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ: Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, և զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը:

Վերցրեք Ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա և պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա Դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաև պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր:

Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ ևս, եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից. փորձեք թեթևակի քաշել այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին: Եթե միսը հեշտությամբ առանձնանում է, ապա դա հստակ նշան է այն բանի, որ Ձեր առջև նեխած միս է:

Եղե՛ք իրազեկված և ուշադիր։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը