Կաթի մասին, որոնք են նրա օգտակար հատկությունները։


Կաթ, սպիտակ գույնի սննդարար հեղուկ, որն արտադրում են էգ կաթնասունների կաթնագեղձերը։ Կաթը լակտացիայի ընթացքում մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղձում սինթեզվող արտազատուկ, ֆիզիոլոգիական նշանակությամբ՝ նորածին երեխայի կամ ձագի անփոխարինելի սնունդ։ Ծննդաբերությունից հետո, առաջին օրերին կաթնագեղձերն արտադրում են խիժ, որն աստիճանաբար վերածվում է սովորական կաթի։ Մոր կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։ Կնոջ կաթի կալորիականությունը 65—70 կկալ/100 գ է, pH=6, 9—7, 5, խտությունը՝ 1,030 — 1,032 գ/սմ³։ Պարունակում է ջուր՝ 87,4, կազեին՝ 0,91, ալբումին և գլոբուլին՝ 1,23, ճարպ՝ 3,76, կաթնաշաքար՝ 6,29, մոխիր՝ 0,31%, նաև որոշ քանակությամբ հանքային աղեր, վիտամիններ (A, B, C և D)։
Գյուղատնտեսական կենդանիների կաթը համարվում է արժեքավոր սննդանյութ։ Լայնորեն օգտագործվում է հատկապես կովի, ավելի քիչ՝ այծի, ոչխարի, գոմեշի, ձիու, ուղտի, էշի, զեբուի, յակի և հյուսիսային եղջերուի կաթ։ Կաթից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաթթվային մթերք, պաղպաղակ և այլն։ Կենդանիների կաթը սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է։ Տարբեր կենդանիների կաթի քիմիական կազմը և սննդարարությունը տարբեր են։
Կաթի բաղադրիչ տարրերից օրգանիզմի լիարժեք սնման համար հատկապես կարևոր նշանակություն ունեն կաթնայուղն ու սպիտակուցները։ Կաթի սպիտակուցները լիարժեք են, դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Կաթի մեջ մտնող հիմնական սպիտակուցներն են կազեինը, լակտալբումինը և լակտոգլոբուլինը, որոնք պարունակում են մոտ 20 ամինաթթու (10-ը՝ անփոխարինելի)։ Կազեինն օգտագործվում է պանիր և կաթնաշոռ արտադրելիս, ալբումինից և գլոբուլինից պատրաստում են մանկական կերախառնուրդներ։ Կաթնայուղը պարունակում է գլխավորապես տրիգլիցերիդներ և ճարպաթթուներ՝ գնդիկների ձևով ցրված կաթի մեջ։ Գնդիկները սովորաբար բարձրանում են կաթի վերին շերտը և առաջացնում կաթնասեր։ Կաթի ածխաջուրը՝ լակտոզը, օրգանիզմի էներգիայի կարևոր աղբյուրներից է։
Կաթը հարուստ է նաև հանքային աղերով և միկրոտարրերով։ Կաթի կալցիումական աղերն օրգանիզմն ավելի լավ է յուրացնում, քան մյուս սննդանյութերինը։ Մանրէները 4—6 °C-ում պաղեցրած թարմ կաթում չեն զարգանում կամ ոչնչանում են։ Թարմ կաթի թթվությունը՝ 16—18°T (°Թերների)։ 28—30 °C-ում կաթը թթվում է, իսկ 65—70 °C-ում՝ մակարդվում։ Կաթի մարսելիությունը մոտ 98% է։ Մարդն օրական պետք է օգտագործի 250—500 գ կաթ (երեխաները՝ 500—700 գ)։ Որպես գյուղատնտեսական մթերք, կաթը ստացվում է կաթնասուններից և օգտագործվում է որպես մարդու սնունդ։ Ամբողջ աշխարհի կաթի գործարանները 2011 թ. արտադրել են 730 մլն. տոննա կաթ։[1] Հնդկաստանն աշխարհի խոշորագույն կաթ արտադրող և սպառող երկիրն է և երբևէ կաթ չի արտահանել կամ ներմուծել։ Նոր Զելանդիան, Եվրամիության անդամ քսանութ երկրները, Ավստրալիան և Միացյալ նահանգները աշխարհի խոշորագույն կաթ և կաթնամթերք արտահանողներն են։ Չինաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը խոշորագույն կաթ և կաթնամթերք ներմուծողներն են։
Կաթի կազմը և հատկությունները, կաթի կազմը հաստատուն չէ և կախված է կենդանու ցեղից, կերակրումից, հասակից, լակտացիայից, առողջական վիճակից և այլն։ Կաթը սինթեզվում է կաթնագեղձում, ունի դեղնավուն նրբերանգով սպիտակ գույն, քաղցրավուն համ, որոշ կենդանիների մոտ մաշկի հոտ։
