Հիշու՞մ եք այս շենքի անունը․ Գրեք մեկնաբանություններում

Դիտումներ 1172

Հիշու՞մ եք այս շենքի անունը․ Գրեք մեկնաբանություններում

«Կուկուռուզնիկ»՝ մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշը
2006 թվ.-ին քանդվեց մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը կամ այսպես կոչված «Կուկուռուզնիկ» -ը: Հետադարձ հայացք նետենք և տեսնենք, թե ինչպես էր  1979 թվ.-ին՝ հանրապետության ղեկավարության մասնակցությամբ բացվում Երիտասարդության պալատը՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչ Պողոսյանի ամենահայտնի գործերից մեկը:

«Կուկուռուզնիկ» -ը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանությունները որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանն էր: Նա դիմեց երեք ճարտարապետների՝ Հրաչ Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով, ովքեր արդեն իսկ համագործակցության որոշակի փորձ ունեին: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երևացող վայրում կառուցվի: Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ և կառուցվեց  Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլև ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան և սրճարան:

 

 

Շինարարությունը բավականին երկար տևեց. պալատը կառուցվում էր մաս-մաս: Շենքի ամենավերեւի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր:

Կոմերիտականների մտահաղացումն այն էր, որպեսզի Երիտասարդական Պալատում հավաքվեն տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդներ, շփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն և ողջ այդ ընթացքում բնակվեն շենքի տարածքում գործող հյուրանոցում:

Երիտասարդական պալատի նախագծի համար  ճարտարապետները ստացան Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով երրորդ պատվավոր մրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմ» գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաև Երիտասարդական պալատի շենքը:

 1979 թվ. հանդիսավորությամբ տեղի ունեցավ Երևանի Երիտասարդության պալատի բացման արարողությունը:

«Օրերս մեծ հանդիսավորությամբ բացվեց Երևանի Երիտասարդության պալատը: Հանրապետության պատանիններն ու աղջիկները երախտագիտության ջերմ զգացումով ու անսքող հրճվանքով ընդունեցին այդ հիասքանչ նվերը:

 



Պալատում պայմաններ են ստեղծված բովանդակալից հանգստի եւ ուրախ ժամանցի համար: Առաջիկա մեկ-երկու տարում շարք կմտնեն համալիրի մյուս շինությունները` սպորտային ու կինոդահլիճները, լողավազանը, բազմաթիվ այլ հարմարություններ, որոնք հնարավորություն կստեղծեն պալատը վերածելու երիտասարդության հետ տարվող քաղաքական-մասսայական, գեղագիտական դաստիարակության մի յուրօրինակ կենտրոնի:

Օրեր են դեռևս անցել, բայց արդեն բուռն կենդանությամբ ու աշխույժով են շնչում պալատի հոյաշեն ճեմասրահները, դահլիճները, ռեստորան-սրճարանները, ցուցասրահը:

Խորհրդավոր խաղաղությամբ է լցված ձայնապնակների սրահը (դիսկոտեկա):

Կիսամութի մեջ լսվում են փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցները: Եվ հանկարծ սրահը լցվում է երաժշտության հոգեպար հնչյուններով: Մեղեդու զվարթ ռիթմի հետ խաղում, կարծես պարում են գույնզգույն լույսերը: Հետո երգին փոխարինում է պարը, նույնպիսի գունավոր լուսախաղային ուղեկցությամբ պտտվում, պարում են զույգերը: Դիկտոր-մեկնաբանողը խորհրդավոր ձայնով ձեզ պատմում է պարի, նրա ծագման արմատների մասին, այն մասին, թե բազում տասնամյակներ առաջ մեր պապիկներն ու տատիկներն ինչպիսի զմայլանքով, հուզմունքով էին պարում այդ պարը:

Մենք անաղմուկ դուրս ենք գալիս և ուղղվում դեպի մեծ ու փոքր սրահներով ռեստորանները, որոնք ձևավորված են գեղեցիկ, ճաշակով, առանց ավելորդությունների:

Չափազանց գրավիչ է ընդարձակ ճեմասրահը: Այս ու այնտեղ դրված փոքրի սեղանների մոտ երիտասարդներ են նստած, որոնք զրուցում են, կարդում ամսագրերի ու թերթերի թարմ համարները: Ճեմասրահից կարող ես մտնել ցուցասրահը, որտեղ ցուցադրվում են կերպարվեստի մշտապես փոփոխվող նմուշներ:

Իսկ ներքևում խորհրդավոր արարողություն է. Պսակադրության սրահում իրենց ամուսնությունն են գրանցում երիտասարդ զույգերը: Ամեն ինչ այստեղ պարզ է, զուսպ ու հանդիսավոր: Հատկապես գրավիչ է սրահն իր ազգային-ճարտարապետական արտահայտիչ լուծումներով` կամարակապ առաստաղից մինչև մետաղյա յուրօրինակ էլեկտրաջահը:

Բարձրանում ենք հյուրանոցի 18-րդ հարկը, որտեղ տեղավորված է սրճարանը` պտտվող հատակով: Անկրկնելի գեղեցիկ համայնապատկեր է բացվում սրճարանից: Երևում է մայրաքաղաք Երևանը բոլոր կողմերից: Եվ որքան գեղեցիկ, գրավիչ եւ հոյաշեն է մեր մայրաքաղաքը:

 

 

Եվ այս բոլորը ձեզ համար` երիտասարդներ, ձեր հանգստի, ուրախ ժամանցի համար, որ վաստակած աշխատանքից հետո ավելի ամբողջական զգաք ձեզ բաժին ընկած խաղաղ ու երջանիկ կյանքի ազնիվ հաճույքը»:

 Երիտասարդական Պալատն ու ռոքը
1980-ականներին Երիտասարդական Պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ: 1983 թվ.-ին այնտեղ հիմնվեց «Այաս» ռոք-ակումբը, որի գործունեության շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ  համերգներ, փառատոներ, հանդիպումներ:

Համագործակցում էին ռուսական խմբերի հետ, օրինակ՝ 1987թվ. -ին Մոսկվայից Երևան ժամանեց շատ սիրված «Սեկրետ» խումբը, որի հետ համատեղ համերգ տվեցին: Բացի այդ, հյուրեր էին ընդունում նաև արտերկրից: Այդ առումով Երիտասարդական պալատը շատ հարմար էր, քանի որ գտնվում էր քաղաքի կենտրոնում և ուներ սեփական հյուրանոց:

 



Հաճախ տեղի էին ունենում նաև հանրապետական ռոք-փառատոններ, Երևան էին ժամանում խմբեր Լենինականից, Սիսիանից, Կիրովականից: Երիտասարդական պալատի ռոք-ակումբի գործունեության գագաթնակետը դարձավ 1987թվ. -ին կազմակերպված եռօրյա ռոք-փառատոնը, որը տեղի ունեցավ ապամոնտաժված հեծանվային հրապարակի տարածքում:

Երիտասարդական պալատը կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ
«Երիտասարդական պալատի կառուցման համար ընտրված վայրը շատ յուրահատուկ էր: Կարծես, ամֆիթատրոն լիներ, որի կենտրոնում գտնվում էր դոմինանտ բլուրը: Բլուրի շուրջ ստեղծվում էր էներգետիկ տարածություն,-ասում է Անահիտ Թարխանյանը՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը,-երիտասարդական պալատը ստեղծվեց այն ժամանակ, երբ արգելված էր ցանկացած մուտք դեպի ճարտարապետության արևմտյան աշխարհ: Սա կարծես մի հնարավորություն լիներ՝ ժողովրդավարական աշխարհ ներխուժելու համար: Մոտենում էիր շենքին, «բարձրացնում էիր» երկաթյա վարագույրը եւ հայտնվում մեկ ուրիշ միջավայրում: Առջևումդ կանաչ գորգով պատված աստիճանն էր և դեպի վեր խոյացող հիմնասյուները: Բարձրանում էիր վերջին հարկը, մտնում էիր պտտվող սրճարանը և զգում էիր ազատության շունչը»: «Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք  նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար»:

Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել «Կուկուռուզնիկ» -ի շենքը: 2010 թվ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց:  Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:

«Երիտասարդական պալատը ժողովրդի, մեր քաղաքի բնակիչների սեփականությունն էր, որը նման ճակատագրի չպետք է արժանանար»,- նշում է Հրաչ Պողոսյանը:



Ամենաընթերցվածը