ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է ՝
Սույն թվականին փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
* օգտագործել հակամիջատային ցանցեր
* կրել փակ, երկարաճիտք հագուստ
* օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր
Հիշեցում ճանապարհորդներինՎերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի։
Ինչ է Չիկունգունիա տենդը
Chikungunya-ն վիրուսային հիվանդություն է, որը հարուցվում է Chikungunya virus-ով (CHIKV)։ Վիրուսը փոխանցվում է հիմնականում Aedes ցեղի մոծակների միջոցով, մասնավորապես՝ Aedes aegypti և Aedes albopictus տեսակների։
Հիվանդության անվանումը ծագում է աֆրիկյան լեզուներից և նշանակում է «կռացած քայլել», ինչը բնութագրում է ուժեղ հոդացավերից առաջացած շարժման դժվարությունը։

Վարակման ճանապարհը և ինկուբացիոն շրջանը
Չիկունգունիա վիրուսը փոխանցվում է.
-
Վարակված մոծակի խայթոցի միջոցով
-
Հազվադեպ՝ լաբորատոր պայմաններում կամ արյան փոխներարկման միջոցով
Ինկուբացիոն շրջանը սովորաբար տևում է 2-ից 7 օր, սակայն որոշ դեպքերում կարող է հասնել մինչև 12 օր։
Այդ ընթացքում մարդը դեռևս չունի ախտանիշներ, սակայն վիրուսը արդեն ակտիվորեն բազմանում է օրգանիզմում։
