Երկվորյակ մթերքներ. ո՞րն ընտրել։ Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում


Մարդու համար, ով ձգտում է ճիշտ սննդակարգով սնվել, համբուրգերի և ձկան միջև ընտրություն կատարելն ամենևին էլ դժվար գործ չէ: Ամեն ինչ շատ ավելի բարդ է, երբ խոսքը երկու օգտակար ու իրար շատ նման մթերքների մասին է:
Հիմա` իրար նման ու օգտակար մթերքների հետ կապված մի քանի նրբությունների մասին:
Ծաղկակաղամբ թե բրոկոլի
Շատերի համար այս երկու մթերքները երկվորյակ քույրեր են: Նրանք նման են արտաքինով, համով, պատրաստվում են համարյա նույն կերպ՝ դրանք խաշում են, սուպ-պյուրե են պատրաստում: Իսկ եթե խոսքը այս երկու բանջարեղենի սննդային արժեքի մասին է, ապա բրոկոլին այս իմաստով մի քանի անգամ ավելի օգտակար է: Նրանում համարյա 2 անգամ ավելի շատ վիտամին C կա (89.2մգ ընդդեմ ծաղկակաղամբի 46.4մգ) և 47.9 անգամ ավելի շատ վիտամին A (623-ը 13-ի դիմաց): Որպես հակակշիռ բերենք միայն մի փաստ՝ ծաղկակաղամբն ավելի փոքր կալորիականություն ունի և համային առումով ավելի չեզոք է. այն ավելի հեշտ է ուրիշ մթերքների հետ համադրելը:
Հավի կրծքամիս թե բդիկներ
Հավի մսի այս երկու տեսակները բավականին տարբերվում են իրարից: Նախ` հավի կրծքամիսն ավելի անյուղ է, դրանում նաև մեծ քանակությամբ սպիտակուց կա (100գ մթերքին 30գ սպիտակուց): Այդ է պատճառը, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս հավի կրծքամսով սնվել և′ նիհարել ցանկացողներին, և′ նրանց, ովքեր ցանկանում են մեծացնել մկանային զանգվածը: Փոխարենը հավի բդիկների մեջ մեծ քանակությամբ ցինկ ու B խմբի վիտամին կա: Միայն թե նրանում նաև «վատ խոլեստերին» կա, ուստի այն շատ հաճախ ուտել ամեն դեպքում խորհուրդ չի տրվում:
Բլղուր թե կուսկուս
Այս դեպքում բլղուրը գերազանցում է կուսկուսին համարյա բոլոր ցուցանիշներով: Նրանում 4 անգամ ավելի շատ բջջանյութ, վիտամիններ ու հանքային նյութեր կան: Այս նյութերը մաքսիմալ պահպանելու համար լավ է շատ չեփել բլղուրը, միայն եռացրած ջուր լցնել վրան, խառնել, թողնել սառչի: Սակայն կուսկուսը ևս սննդակարգից բացառել չարժե. դրանով կարելի է փոխարինել բրինձն ու մանր մակարոնները: Այդպես օրգանիզմն ավելի շատ սպիտակուց, կալիում և ֆոլիումաթթու կստանա:
Յոգուրդ թե կեֆիր
Երկու սննդամթերքն էլ հարուստ են սպիտակուցներով ու կալցիումով, երկուսն էլ օգտակար են մարսողության համար: Սակայն այս երկուսի միջև տարբերությունն էլ մեծ է: Յոգուրդը պատրաստելիս կաթի մեջ բակտերիաների որոշակի տեսակներ են ավելացնում, իսկ կեֆիրն ավելի բազմաբաղադրիչ մթերք է: Պատրաստելուց հետո առաջին օրերին կեֆիրն ավելի մեղմ է համով ու ազդեցությամբ, ու դա կարող են օգտագործել և′ հղի կանայք, և′ երեխաները: Ժամանակի ընթացքում կեֆիրն ավելի թթու ու սուր է դառնում, այնպես որ, ապագա մայրերին, երեխաներին ու ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող անձանց այն արդեն խորհուրդ չի տրվում:
Սև թե սպիտակ խաղող
Այս երկուսի միջև տարբերությունը միայն 1 գեն է, որը պատասխանատու է անտոցիան նյութի արտադրության համար, որն էլ խաղողի պտուղները ներկում է համապատասխան գույնով՝ սև, մանուշակագույն կամ կարմիր: 2007 թ. պտուղներին նվիրված Berry Health Benefits միջազգային սիմպոզիումի ժամանակ գիտական ապացույցներ են բերվել, որ այս հակաօքսիդանտը օգնում է պայքարել դիաբետի, քաղցկեղի, նյարդային ու սրտային հիվանդությունների դեմ: Հաշվի առնելով սա՝ մուգ խաղողը պետք է որ ավելի օգտակար լիներ, սակայն միևնույն ժամանակ այն դժվարացնում է երկաթի յուրացումը այն դեպքում, երբ սպիտակ խաղողի հյութը հակառակը՝ արագացնում է այն: Այս փաստը պետք է հաշվի առնեն հեմոգլոբինի ցածր մակարդակ ունեցող մարդիկ: Իսկ մուգ կապույտ կոնկորդ տեսակի խաղողը բժիշկները համարում են երիկամներում քարերի առաջացմանը նպաստող մթերք: Եվ եւս մեկ փաստ սպիտակ խաղողի օգտին. այն ավելի բարակ թաղանթ ու ավելի նուրբ համ ունի:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=10207&l=am
