Երիկամների քաղցկեղի առաջին նշանը, ռիսկի գործոնները և ինչպես կանխարգելել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է։
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ:
Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում:
Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո:
ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի քաղցկեղի 162 նոր դեպք, որից 105-ը տղամարդկանց մոտ: Հյուսվածաբանական տեսակը շատ կարևոր է՝ բուժման գրագետ տակտիկա մշակելու համար:
Հիվանդության հիմնական նշանը արյունամիզումն է, ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն գոտկային հատվածում, ջերմության բարձրացում 37-37.5, զարկերակային ճնշման տատանումներ:
Պատճառներից են՝
ծխախոտի օգտագործում,
ճարպակալում,
երիկամների վնասվածքներ,
քրոնիկ երիկամային հիվանդություններ,
շաքարային դիաբետ:
Բուժումը
Վաղ փուլերում կատարվում է վիրահատական բուժում՝ երիկամի մասնահատում կամ հեռացում ծավալով:
Ուշացած փուլերում անցկացվում է դեղորայքային թերապիա` կախված հյուսվածաբանական ձևից՝ իմունոթերապիա, թիրախային թերապիա կամ քիմիաթերապիա:
Կանխարգելում`
քրոնիկ հիվանդությունների բուժում և հսկողություն,
ակտիվ կենսակերպ,
կանխարգելիչ հետազոտություններ,
50 տարեկանից բարձր տարիքում ամենամյա ուլտրաձայնային հետազոտություն,
արյունամիզության առկայության դեպքում ուրոլոգի, ուռուցքաբանի խորհրդատվություն: