Ազգագրագետը կարծում է՝ ավանդույթ վերականգնելն արհեստական է, ըստ խոհարարի՝ պետք է վերադառնալ ամանորյա ավանդական կերակրատեսակներին: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 557

Ազգագրագետը կարծում է՝ ավանդույթ վերականգնելն արհեստական է, ըստ խոհարարի՝ պետք է վերադառնալ ամանորյա ավանդական կերակրատեսակներին: Գրում է med.tert.am-ը

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց նախկինում Ամանորին պատրաստվող ծիսական ավանդական ուտելիքները և կոչ արեց դրանք վերականգնել: 


«Ամանորի ծիսական կերակուրներից է տարեհացը, որի մեջ դնում են մետաղադրամ, և ում ընկավ՝ նրան հաջողություն պետք է լինի, անուշապուրը, քաշիկան, որը հարիսայի տարատեսակ է, բայց չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն: Եթե տանը նորահարս կար, ապա կենդանակերպ գաթաները նա էր պատրաստում, և եթե խմորեղենը ուռչում էր, ապա դա նշան էր, որ այս տարի բալիկ կսպասեն»,-ասաց նա և նշեց, որ սեղանին շատ չրեր, ընդեղեն էին դնում, տոլմայի տարատեսակներ, լցոնած հնդկահավ էին պատրաստում:

«Այն մրցավազքը, որում մենք միշտ հայտնվում ենք այս օրերին, տոնի հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ Ամանորին սեղանները թեև առատ են լինում, որ տարին առատ լինի, սակայն առատությունը և մրցավազքը տարբեր բաներ են»,-ասաց և նշեց, որ ավանդաբար սեղանները մարդիկ լցրել են մառանից, այսինքն այն, ինչ տնտեսել են։



Խոհարարը խորհուրդ տվեց, որ բոլոր ուտեստները հենց 31-ին չպատրաստել, այլ այնքան, որ ամսի 1-ին կարողանան սպառել, իսկ հետո պատրաստեն նորերը: 


«Կերակուրը կյանք ունի՝ պատրաստվեց, ապրեց և սպառվեց: Կարևորը՝ ընտանիքում լավ տրամադրություն լինի և փոխըմբռնում»,-ասաց նա: Նա նկատեց, որ երբեմն մարդիկ գնում են այլ տեղ նշելու, հաճախ՝ ռեստորաններ, բայց ինքն անձամբ կարծում է, որ ընտանիքն առանց տան ընտանիք չէ:

Սեդրակ Մամուլյանն ասաց, որ մեր ավանդական կերակուրները յուրահատուկ են և պետք չէ փոխառել օտարից: Ըստ նրա, եթե մարդիկ ուզում են նոր, տարբերվող կերակրատեսակներ պատրաստել, կարող են վերադառնալ հնին: «Ամենալավ նորությունը մոռացված մեր ավանդական կերակրատեսակներն են, որոնք կարելի է վերականգնել»,-ասաց նա:

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանն էլ կարծում է, որ ընդհանրապես ավանդույթը ձևավորվում է տարիների ընթացքում, և ոչ մի ժողովուրդ երբևէ չի փորձել ավանդույթը որևէ ձևով վերականգնել, քանի որ մոռացված, կորած ավանդույթը կապված է եղել տվյալ ժամանակի առօրյայի, կենցաղի հետ: 

«Ավանդույթ վերականգնելը շատ բարդ բան է և արհեստական է, ինչը ժողովրդին դուր չի գալիս: Կարելի է ասել, որ այսօրվա ժամանակակից Ամանորն արդեն ավանդույթի ուժ ունի, նշելու կարգ ունի»,-ասաց նա:

Նա նշեց, որ երբ նախկինում Ամանորին տարեհաց էին թխում, այդ կախարդանքը, գուշակության մթնոլորտը տիրում էր ընտանիքի մեջ, մարդիկ հավատում էին, որ եթե իրենց բաժին ընկնի մետաղադրամը, իրենց կյանքն ավելի երջանիկ կլինի: 



Ըստ Խորեն Գրիգորյանի` այսօր այդքան պատրաստվող խոզի բուդն արդեն ավանդական է, քանի որ, օրինակ, եթե ամռան շոգին ասվի «խոզի բուդ»՝ միանգամից հիշվելու է Նոր տարին, իսկ եթե ասվի «տարեհաց», միանգամից չեն պատկերացնի Ամանոր: Նա նկատեց, որ մենք ամանորյա հանդեսներ չենք ունեցել, դրանք հիմնականում եղել են Բարեկենդանի շրջանում։


«Այն, ինչ վերցվել է օտար մշակույթից, դա ևս պատահական չէ, որոշակի հետաքրքրություն եղել է: Օրինակ՝ Ամանորի գիշերը շամպայն բացելը հայկական մշակույթի հետ կապ չունի, այն ժամանակի մեջ մտել է և ավանդույթի է վերածվել»,-հավելեց նա:

Ազգագրագետը նկատեց, որ մյուս տարի հասարակությունը բախվելու է մի ուրիշ խնդրի հետ, երբ 3 օրվա մեջ պետք է հասցնեն նշել Նոր տարին, քանի որ Նոր տարվա հանգստյան օրերը կառավարության որոշմամբ ավելի քիչ են լինելու և հունվարի 3-ից մարդիկ աշխատանքի են լինելու: 

«Համոզված եմ, որ լինելու են գործից ուշացողներ, խմած աշխատանքի գնացողներ, ավտովթարներ, քանի որ որ մարդիկ սովորեն 13 օր նշելու Նոր տարին: Ո՛չ կարելի է վերականգնել ավանդույթը, ո՛չ կարելի է արհեստական փոխել ավանդույթը: Համոզված եղեք, որ դա ձախողված որոշում է և խնդիրներ է առաջացնելու»,-ասաց նա և նշեց, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է:

 

 

Աղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/12/31/mamulyan-grigoryan/2579012



Ամենաընթերցվածը