Այս բույսը հայերն անվանում են «Զոքանչի լեզու»․ Ահա ինչ է դրա իրական անունը

Դիտումներ 826

Այս բույսը հայերն անվանում են «Զոքանչի լեզու»․ Ահա ինչ է դրա իրական անունը

Սանսևիերան ծնեբեկազգիների ընտանիքի մկնափշազգիների (Ruscaceae) ենթաընտանիքին պատկանող բույսերի ցեղ է. ընդգրկում է մոտ 60 տեսակ։ Հայրենիքն է Կենտրոնական Աֆրիկան, Մադագասկար կղզին, Հնդկաստանը։ Բույսը լավ է հարմարվում չոր, քարքարոտ հողատեսքերի վրա, կարող է աճել և լավ լուսավորված, արևոտ և ստվերոտ վայրերում, չորադիմացկուն է և երաշտադիմացկուն։ Շատ լավ է զարգանում չափավոր խոնավ, պարարտ հողատեսքերի վրա։ Սանսևիերայի սրաձև տերևների վարդակն աճում է անմիջապես կոճղարմատից, որը տարածված է հողի մակերեսային շերտին մոտ։ Տերևների երկարությունը կարող է հասնել մեկ մետրի, իսկ լայնքը` 2,5-7 սմ-ի, տերևի արտաքին շերտը խիտ է և կաշվեկերպ, փայլուն զոլավոր կամ միատարր ծածկույթով. կանաչ տերևաթիթեղը եզերված է դեղնավուն զոլիկով։ Ծաղկակիր ցողունը երկար է, ծաղիկները տեղակայված են ցողունի երկայնքով, մանր են, հավաքված փոքր փնջիկների մեջ։ Ծաղկած սանսևիերայի տեսքը շատ գեղարվեստական է` դեպի երկինք խոյացող սրածայր տերևները, սպիտակ ծաղկակիր ցողունը` առաջացնում են մարդու մոտ նպատակասլացություն և առաջադիմելու ցանկություն։ Մեր ընթերցողն, անշուշտ, գիտի, որ բույսերի հետ կապված են բազմաթիվ հավատալիքներ, որոնք ճիշտ չի լինի, եթե սնահավատություն համարենք։ Այսօր բույսերի էներգետիկ ներազդեցության չափը և ուղղվածությունը հանգամանորեն ուսումնասիրում են։ Սանսևիերայի վերաբերյալ մասնագետները հայտնում են հետևյալ կարծիքը. կլանում է աշխատասենյակի կամ բնակարանի բացասական լիցքերը, կարճացնում է «չար» լեզուները, չեզոքացնում է խոսքի կամ մտքի միջոցով արտահայտված չարակամությունը, ստեղծում է բարի, ջերմ, չարությունից և կոպտությունից զերծ անկաշկանդ մթնոլորտ, որը տրամադրում է ստեղծագործ աշխատանքի և նորանոր բարձունքների նվաճման։

 

 

Մասնագետները կարծիք են հայտնում, որ բույսը պաշտպանում է էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից, հատկապես անփոխարինելի է այն տարածքների համար, որոնք վատ են լուսավորված, բույսը կարող է աճել նույնիսկ արհեստական լուսավորության պայմաններում։ Նաև խորհուրդ է տրվում բույսը տեղադրել դպրոցական տարիքի երեխաների գրասեղանի մոտակայքում կամ ննջարանի պատուհանագոգին։ Սովորեցրեք երեխային, թե ինչպես է պետք խնամել սենյակային բույսերը, ներշնչեք նրան սեր դեպի բնությունը։ Սանսևիերան ներշնչում է սեր դեպի ուսումը, նպաստում գիտելիքի և հիշողության ամրապնդմանը, երեխան դառնում է հետևողական, կազմակերպված, համբերատար։ Աստղագուշակները գտնում են, որ բույսն առավել բարեհաճ է աղեղնավորի նշանի տակ ծնված անձանց հանդեպ և նաև նպաստում է հաճախ ճանապարհորդող և նպատակասլաց մարդկանց իղձերի իրագործմանը։ Որպես սենյակային բույս` սանսևիերան ունի նաև այլ` շատ կարևոր հատկություն. մաքրում է տան օդը ժամանակակից արհեստական շինանյութերից պատրաստված կահավորանքի արձակած վնասակար նյութերից։ Նման հատկություն ունեցող բույսերի շարքին են դասվում նաև խլորոֆիտում փուփուշավորը, բեգոնիայի մի քանի տեսակներ, դեֆենբախիա պուտիկավորը, մոնստերա դելիցիոզնը, ֆիկուս բենջամինի և այլ խիտ կաշվեկերպ տերևներ ունեցող բույսեր։ Սանսևիերան հրաշալի ձևով կկատարի իր բնապահպանական առաքելությունը` փոխարենը պահանջելով միայն մի փոքր խնամք.   երբ նկատեք, որ ծաղկամանի հողը չորանում է, ապա ջուր լցրեք, սակայն տերևներից 2-3 սմ հեռավորության վրա, քանի որ տերևը կարող է վնասվել խոնավությունից,   արտաքին ջերմաստիճանը չպետք է լինի 15-17 C-ից ցածր, ընտրեք համեմատաբար լայն ծաղկաման, տարին մեկ անգամ պարարտացրեք հողը, յուրաքանչյուր երրորդ տարին փոխեք ծաղկամանը,   շաբաթը մեկ անգամ մաքրեք տերևները։ 



Սանսևիերան բազմանում է տերևի միջոցով, տերևը արմատ է տալիս և կարող է երկար ժամանակ աճել ջրի մեջ, կարևոր է ժամանակին փոխել ջուրը։ Սանսևիերան առաջին անգամ մշակել է Իտալիայի Նեապոլ քաղաքում ապրող իշխան Սանսևիերոն, որի անունը փոխանցվել է բույսին և դարձել նաև գիտական անվանում` Sansevieria trifasciata, այսինքն` եռափունջ կամ եռազոլավոր։ Ինչպես ասես, որ չեն անվանել այս անմեղ բույսին.   անգլիացիներն անվանում են` «ընձառյուծի շուշան» կամ «օձի բույս», ամերիկացիները` «օձի կաշի»,   գերմանացիները` «ամերիկյան կանեփ», ի դեպ, նշենք, որ բույսը չունի թմրեցնող հատկություն, ռուսները` «գայլաձուկի պոչ» կամ` «կկվի պոչ»։ Բույսը ստացել է ևս մեկ անվանում` «զոքանչի լեզու», որը, ըստ մեզ` ելնելով սանսևիերայի նկարագրությունից, վկայում է մայրերի` ապագա զոքանչների և սկեսուրների անչափ դրական նկարագրի մասին։ Մասնագետները, հայտնի չէ միայն` կատակո՞վ, թե՞ լրջորեն, խորհուրդ են տալիս. փեսաները թող նվիրեն զոքանչներին երկու միատարր գունավորված տերևներով սանսևիերայի բույս,   իսկ հարսները ավելի լավ է, որ նվիրեն իրենց սկեսուրներին զոլավոր տերևներով բույսեր, սակայն դա պետք է արվի անկեղծ ժպիտով և հարգալից պարզ հայացքով։

 

 

Ի դեպ, դրանում է երիտասարդ ամուսնական զույգերի երջանկության ամենամեծ գաղտնիքներից մեկը. հարգեք և տասնապատիկ կհարգվեք։ Սանսևիերան դասվում է արտաքին ազդեցությունների հանդեպ առավել դիմացկուն բույսերի շարքին, նման բույսերն ունեն ադապտոգեն հատկություն, այսինքն` բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի հանդեպ, հանգստացնում են նյարդերը, օգնում են կողմնորոշվել բարդ իրավիճակներում։ Բույսը պարունակում է մեծ թվով սապոնիններ, ի դեպ, այդ նյութերը լիովին համապատասխանում են մեր պատկերացումներին օճառի մաքրող, ախտահանող հատկությունների մասին։ Սապոնիններն օգտակար են` որպես հազը փափկեցնող, խորխաբեր միջոց, քանի որ մաքրում են բրոնխները և ակտիվացնում դրանց աշխատանքը։ Սապոնինները նաև նպաստում են աղի և ջրի քանակների, հանքային և այլ օգտակար նյութերի հավասարակշռմանը` բնականոն փոխանակմանն օրգանիզմում։ Սանսևիերայից ստացված պատրաստուկները կարգավորում են արյան ալկալիաթթվային հավասարակշռությունը, իջեցնում են զարկերակային ճնշումը, ավելացնում են մկանային ուժը։ 



Ունեն ցավամոքիչ, հակաբորբոքային հատկություններ։ Բազմաթիվ երկրներում բույսն օգտագործվում է ժողովրդական բժշկությունում։ Որպես բուժիչ հումք` օգտագործվում են բույսի թարմ տերևները, տերևներից զտված հյութը, արմատը։ Պատրաստուկները կիրառվում են շնչառական ուղիների հիվանդությունների, վերջույթների ջղակծկման, ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, արգանդային փողերի և ձվարանների բորբոքման, դժվար բուժվող վերքերի և մաշկային հիվանդությունների բուժման համար։ Արմատից պատրաստված ոգեթուրմը կիրառում են ծանր հիվանդություններից ապաքինվող մարդկանց ուժերը վերականգնելու նպատակով։ Ոգեթուրմ. Մանր կտրատեք տերևը, 100 մլ ծավալ զբաղեցնող հումքը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք, մզեք հումքը և զտեք թուրմը, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական թ/գ, օրը 2 անգամ` 100 մլ ջրի հետ, ուտելուց 1 ժամ հետո։ Ադնեկիստի դեպքում շարունակեք բուժումը 20 օր, ընդմիջեք 7 օր և կրկնեք ևս մեկ կամ երկու անգամ։ Ոգեթուրմն օգտակար է նաև վերջույթային նյարդային համակարգի անբավարարության հետևանքով առաջացած` շնչահեղձուկի, սրտի ցավի, առիթմիայի, գլխացավի, ընդհանուր թուլության, վերջույթներում բարձր քրտնարտադրության կամ մրսկոտության դեպքում։ Պետք է խմել վերոգրյալ չափաբաժնով` 1 ամիս և 7 օր ընդմիջումից հետո կրկնել ևս մեկ անգամ։ Թունդ ոգեթուրմ. Մուգ գույնի ապակյա տարայի 1/3-ը լցրեք սանսևիերայի մանր կտրատած տերև, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 20 օր թրմեք սառնարանում, քամեք, մզեք հումքը և զտեք թուրմը քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ, ուտելուց հետո։ Օգտագործեք ադնեկիստի և ցիստիտի բուժման համար, շարունակեք 14 օր։ Կտրեք սանսևիերայի մոտ 25 սմ երկարության տերև, լվացեք տաք ջրով, չորացրեք, քամեք հյութը։ Օգտագործելուց առաջ հյութը թեթևակի տաքացրեք։ Դժվար բուժվող վերքեր. Տաք հյութի մեջ թրջեք թանզիֆե անձեռոցիկը, դրեք բորբոքված մասին, վիրակապեք։ Կրկնեք օրը 2 անգամ, փոխեք վիրակապը։ Ականջի բորբոքում. 1-2 կաթիլ գոլացրած հյութ կաթեցրեք ականջի մեջ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք մինչև 1 շաբաթ։ Քոս. 2 ճ/գ չոր, մանրացրած տերևը 10 րոպե եփեք 250 մլ եռջրում` ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը։ Եփուկով լվացեք վնասված մասերը և գիշերը քնելուց առաջ ջրեք թրջոցներ։

 

 

Բուժման ժամկետը 10 օր է։ Աղեստամոքսային համակարգի ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների դեպքում. Մանրացրեք մոտ 25 սմ երկարությամբ 2 հատ տերև, եփեք 10 րոպե 1,5 լ եռջրով մարմանդ կրակի վրա։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Կատարեք հոգնա օրը 1 անգամ։ Ցիստիտ. 2 ճ/գ մանրացրած տերևը 10 րոպե եփեք 0,5 լ եռջրում մարմանդ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Արդյունքում. որոշ ժամանակ անց կթեթևանան ցավերը, իսկ 1 ամսից կկանոնավորվի միզարձակությունը։ Գլխացավ. Այրեք չորացրած տերևը (մոտ 30 սմ) և շնչեք ծուխը։ Դիմադրողականության ամրապնդում. Խառնեք 50-ական մլ մեղր, բույսի թարմ քամած հյութ, 20 գ մեղվահաց, 100 մլ Կագոր։ Լցրեք ապակե տարայի մեջ, 2 շաբաթ թրմեք սառնարանում։ Պահպանման ժամկետը` մինչև 3 ամիս։ Ընդունեք 1-ական ճ/գ` օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։ Բուժման ժամկետը` 1 ամիս։ Գրիպ, մրսածություն. 3 ժամ թրմեք մանրացրած մոտ 15 սմ երկարության բույսի արմատը 500 մլ տաք ջրում, քամեք։ Խմեք 1 ճ/գ, օրը 3 անգամ։ Զգուշացում։ Սանսևիերան պարունակում է թունավոր նյութեր, բույսի հետ աշխատելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ։ Բուժումը սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։



Ամենաընթերցվածը