Քունը կարևոր ֆիզիոլոգիական գործընթաց է, պարտադիր վիճակ։ Քնի ժամանակ իջնում է մկանների լարվածությունը, թուլանում շնչառությունը (ցերեկը մեկ րոպեում շնչում ենք 14, իսկ քնած ժամանակ՝ 12 անգամ)։ Նվազում է նաև սրտի ռիթմը (ցերեկը մեր սիրտը 1 րոպեում կծկվում է 70-80 անգամ, իսկ գիշերը դրա հաճախականությունը կարող է իջնել մինչև 60 հարված)։ Պարզ է, քնած վիճակում մեր օրգանիզմը հանգստանում է, կենսապրոցեսները դանդաղ են ընթանում, և մեր օրգանները կարող են ավելի երկար դիմանալ։ Ուստի առողջ ու լիարժեք քուն ունեցողները երկար են ապրում։ Այսպիսով, քունը մարդու և կենդանիների շատ տեսակների համար գլխուղեղի և օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ է, որն արտաքինից դրսևորվում է նշանակալի անշարժությամբ և արտաքին գրգռիչների նկատմամբ արտաքուստ նկատելի ռեակցիաների բացակայությամբ։
ՙՔունը գլխուղեղում տարածուն արգելակման պրոցես է՚,- գրել է Ի. Պավլովը։ Ներկայումս քունը բնորոշվում է որպես ուղեղի ամբողջական գործունեության արդյունք, որի ժամանակ կատարվում է արթուն վիճակում ստացած ինֆորմացիայի մշակում, գնահատում և ընտրված ինֆորմացիայի փոխադրում երկարատև հիշողության։
Տարբերում են քնի մի քանի տեսակներ. ամենօրյա պարբերական քուն, պարբերական սեզոնային քուն, հիպնոսային քուն, անզգայացման քուն և այլն։