4 անչափ կարևոր հանքանյութ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար
Վահանաձև գեղձի առողջությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջության պահպանման համար: Այս գեղձը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և պատասխանատու է հորմոնների արտադրության համար: Այդ հորմոնները կարգավորում են մարդու քաշը, էներգիայի մակարդակը, նյութափոխանակության գործընթացները և անգամ քունը, ուստի ցանկացած խնդիր անմիջապես ազդում է մարդու ինքնազգացողության վրա:
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներն առավել շատ տարածված են կանանց շրջանում, ինչը պայմանավորված է հղիության, դաշտանադադարի, քրոնիկական սթրեսի, սխալ սննդակարգի և նստակյաց կենսակերպի հետևանքով առաջացած հորմոնալ դիսբալանսով:
Սակայն մարդը կարող է նպաստել այս կարևոր օրգանի առողջության պահպանմանը՝ պարզապես անհրաժեշտ սննդարար նյութերն ընդունելով: Այս նյութերը հարկավոր են վահանաձև գեղձի աշխատանքը խթանելու համար, ուստի պետք է անպայման հետևել օրգանիզմում դրանց մակարդակին:
Վահանաձև գեղձի աշխատանքի համար անհրաժեշտ հիմնական սննդարար նյութերն են.
1. Յոդ
Յոդը վահանաձև գեղձի հորմոնների հիմնական բաղադրիչն է, ուստի օրգանիզմում յոդի պակասի դեպքում այս գեղձը չի կարողանա բավարար քանակությամբ հորմոն արտադրել:
Յոդի մակարդակը կարգավորելու համար խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը ձկով, ծավային ջրիմուռներով ու ծովամթերքով: Բացի այդ, հարկավոր է ուտել նաև հունական ընկույզ, քանի որ դրանում պարունակվող վիտամին E-ն նպաստում է օրգանիզմի կողմից յոդի յուրացմանը:
2. Սելեն
Սելենը վահանագեղձի առողջության պահպանման համար հարկավոր 4 հիմնական սննդարար նյութերից մեկն է, քանի որ եռյոդթիրոնին (T3) հորմոնի արտադրությունը կախված է միայն այս տարրից: Սա է պատճառը, որ սելենի պակասը հանգեցնում է հիպոթիրեոզի առաջացման:
Օրգանիզմը սելենով հագեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի մթերք, ինչպիսին է լոբին, ոլոռը, նուշը, հունական ընկույզը, հնդկահավի և հավի լյարդը, հավկիթը, ոսպը, գետնանուշը և այլն:
3. Ցինկ
Այս հանքանյութը հարկավոր է քառյոդթիրոնինը (թիրոքսին, T4) եռյոդթիրոնինի վերածելու համար: Բացի այդ, այն ակտիվացնում է հիպոթալամուսի հորմոնային ընկալիչները:
Բավարար քանակությամբ ցինկ ստանալու համար խորհուրդ է տրվում սննդակարգը հարստացնել հնդկաձավարով, ոլոռով, լոբով, գետնանուշով, վարսակով ու թռչնի լյարդով:
4. Երկաթ
Երկաթը պատասխանատու է մի ֆերմետի արտադրության համար, որը յոդիդը վերածում է յոդի: Բացի այդ, այն հարկավոր է քառյոդթիրոնինը եռյոդթիրոնինի վերածելու համար:
Երկաթով հարուստ են գետնանուշը, թռչնի լյարդը, սպանախը, ոսպը, ոլոռը, վարսակը, հնդկաձավարն ու պիստակը, ուստի խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը նշված մթերքով:
Բացի այդ, հարկավոր է սննդակարգում թարմ կանաչեղեն ներառել, քանի որ այն հարուստ է երկաթով ու կալցիումով:
Հարկ է հիշել, որ վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Նման խնդիրների դեպքում անհրաժեշտ է առաջին իսկ ախտանշանի ի հայտ գալուն պես անմիջապես խորհրդակցել բժշկի հետ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել.
· մշտական գլխացավերը,
· քաշի անբացատրելի տատանումները,
· մշտական քնկոտությունը,
· մշտական հոգնածության զգացումն անգամ լիարժեք հանգստից հետո: