1-ին տիպի շաքարային դիաբետի ախտանշաննրեը․ Մի խառնեք 2-րդ տիպի դիաբետ հետ

Դիտումներ 428

1-ին տիպի շաքարային դիաբետի ախտանշաննրեը․ Մի խառնեք 2-րդ տիպի դիաբետ հետ

1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամբ և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։

 

 

Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը։

1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։

 



Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։ Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անոթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)։ Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։

 

 

1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է, սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում։

Ախտանշաններ

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները
1-ին տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը, շատախմությունը, բերանի խոռոչում առաջացող չորությունը, ախորժակի բարձրացումը, բարձր հոգնելիությունը, քաշի նվազումը։

1-ին տիպի շաքարային դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է դիաբետային կետոացիդոզի առաջացման ժամանակ։ Վերջինիս դեպքում նկատվում է մաշկի չորություն, շնչառության հաճախության մեծացում, քնկոտություն, որովայնային ցավեր և փսխում։

Հիվանդների մոտ 12 %-ի մոտ արձանագրվում է ընկճախտ (դեպրեսիա)։

 



Պատճառներ
Հիվանդության առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Այս առումով կան տարբեր տեսություններ, որոնք հիվանդության առաջացումը կապում են գեների, հակածինների և այլ պատճառների հետ։

Գենետիկական պատճառներ

 


1-ին տեսակի շաքարային դիաբետի առաջացումը կարող է կապված լինել տարբեր գեների հետ։ Ավելի քան 50 գեներ առնչվում են այս հիվանդության առաջացման հետ։ Այս գեները կարող են լինել թե դոմինանտ, թե ռեցեսիվ։ Ամենահայտնի գեներից է IDDM1-ը, որը տեղակայված է 6-րդ քրոմոսոմի ՀԳՀ 2-րդ դասի շրջանում (6p21)։ Այս գենի որոշ տեսակներ կարող են մեծացնել 1-ին տիպի շաքարային դիաբետին բնորոշ նվազած հիստոհամատեղելիության ռիսկը։ Այս տարատեսակներն են՝ DRB1 0401-ը, DRB1 0402-ը, DRB1 0405-ը, DQA 0301-ը, DQB1 0302-ը և DQB1 0201-ը, որոնք ավելի հաճախ հանդիպում են եվրոպական ծագմամբ հյուսիսային ամերիկացիների և եվրոպացիների մոտ։ Գեների որոշ տեսակներ ունեն պաշտպանական նշանակություն։

Եթե հայրը հիվանդ է 1-ին տիպի շաքարային դիաբետով, ապա նրանից ծնված երեխաների մոտ այս հիվանդության առաջացման հավանականությունը մոտ 10 % է։ Մոր հիվանդ լինելու դեպքում այն մոտ 4 % է՝ եթե մայրը մինչև 25 տարեկան է, իսկ եթե մայրը մեծ է 25 տարեկանից, ապա երեխաների հիվանդացման հավանականությունը մոտ 1 % է։



Ամենաընթերցվածը