Աղյուսակ. ահա, թե մարդու արյան ճնշման ինչպիսի ցուցանիշներն են համարվում նորմալ՝ տարբեր տարիքային խմբերի համար

Դիտումներ 339

Աղյուսակ. ահա, թե մարդու արյան ճնշման ինչպիսի ցուցանիշներն են համարվում նորմալ՝ տարբեր տարիքային խմբերի համար

Արյան ճնշում՝ արյունատար անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումը պատերին։ Տարբերում են զարկերակային, մազանոթային և երակային ճնշումներ։ Արյան ճնշումն ապահովում է արյան շարժումն արյունատար համակարգում և նյութափոխանակության իրականացումն օրգանիզմի հյուսվածքներում։

Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած էներգիան ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։ Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։

Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է սիրտ ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։ Ռեֆլեքսային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը, պահուստային օրգաններում (փայծաղ, լյարդ) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։

Զարկերակային ճնշման մեծությունը հիմնականում որոշվում է սրտի կծկումների ուժով, յուրաքանչյուր կծկման ժամանակ արտամղվող արյան քանակությամբ, արյունատար անոթների (առանձնապես՝ ծայրամասային) պատերի դիմադրությամբ արյան հոսքին։ Զարկերակային ճնշման մեծության վրա ազդում են նաև շրջանառվող արյան քանակությունը, մածուցիկությունը, որովայնի և կրծքի խոռոչներում ճնշումների տատանումները՝ կապված շնչառական շարժումների հետ և այլ գործոններ։ Տարեց մարդկանց մոտ ամենատարածված առողջական խնդիրը բարձր երակային ճնշումն է: Երակային ճնշումը արյան ճնշումն է, որը չափվում է երակներով:

Զարկերակային ճնշումն առավելագույն մակարդակի է հասնում սրտի ձախ փորոքի կծկման (սիստոլա) ժամանակ, որի դեպքում արտամղվում է 60-70 մլ արյուն։ Վերջինս չի կարող անմիջապես անցնել մանր անոթներով (հատկապես մազանոթներով), ուստի առաձգական աորտան ձգվում է, և ճնշումը բարձրանում է (զարկերակային առավելագույն ճնշում, սիստոլային ճնշում)։ Բնականոն պայմաններում խոշոր զարկերակներում այն հասնում է 100-140 մմ ս.ս.։

Սրտի փորոքների կծկումների դադարի (դիաստոլա) ժամանակ արյունատար անոթների (աորտայի և խոշոր զարկերակների) պատերը, լինելով ձգված, սկսում են կծկվել և արյունը մղել մազանոթների մեջ։ Ճնշումն աստիճանաբար ընկնում է և դիաստոլայի վերջում հասնում է նվազագույն (զարկերակային նվազագույն ճնշում, դիաստոլային ճնշում) մեծության (խոշոր զարկերակներում՝ 70-80 մմ ս.ս.)։ Սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը (այդ մեծությունների տատանումները) ընկալվում է անոթազարկային ալիքի ձևով և կոչվում է անոթազարկ։

Արյունատար անոթներում եղած ճնշումը փոքրանում է սրտից հեռանալուն զուգընթաց։ Այսպես՝ աորտայում այն կազմում է 140/90 մմ ս.ս. (առաջին թիվը ցույց է տալիս սիստոլային կամ վերին, երկրորդը՝ դիաստոլային կամ ստորին ճնշումը)։ Խոշոր զարկերակներում արյան ճնշումը միջինը 120/75 մմ ս․ս. է։ Զարկերակիկներում սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը գործնականում բացակայում է, իսկ արյան ճնշումը կազմում է մոտ 40 մմ ս.ս.։ Մազանոթներում նվազում է մինչև 10-15 մմ ս.ս.։ Արյունը երակային հուն անցնելիս ճնշումն ավելի է ընկնում և առավել խոշոր երակներում (վերին և ստորին սիներակներում) կարող է դառնալ բացասական։



Ամենաընթերցվածը