Պատմության մեջ առաջին անգամ շաքարային դիաբետով հիվանդը ամբողջությամբ բուժվել է

Դիտումներ 5641

Պատմության մեջ առաջին անգամ շաքարային դիաբետով հիվանդը ամբողջությամբ բուժվել է

 Cell Discovery ամսագրում մի հոդված է հրապարակվել, որտեղ ասվում է ՝ պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է լիովին բուժել 2-րդ տիպի շաքարային դիաբետը։

 

 

 

Բուժառուն, որը մոտ 25 տարի հիվանդ է եղել երկրորդ տիպի շաքարային դիաբետով և այդ ընթացքում կորցրել է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրող գրեթե բոլոր բջիջները, ցողունային բջիջների փոխպատվաստման պրոցեդուրա է անցել 2021 թվականին։ 



Նման հիվանդները սովորաբար ինսուլինի հաճախակի ներարկումների կարիք են ունենում և նրանց մոտ բարձր է լինում նյարդերի, երիկամների ու սրտամկանի վնասման հավանականությունը, սակայն թերապիայից հետո այս բուժառուն 2022 թվականից չի ընդունել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահող դեղեր։

 

 

Գիտնականները լաբորատոր պայմաններում ստեղծել են ենթաստամոքսային գեղձի բջիջներ՝ օգտագործելով տղամարդու ցողունային բջիջները։ Ցողունային բջիջների յուրահատկությունն այն է, որ դրանք կարող են վերածվել ցանկացած տեսակի բջջի՝ նյարդային, մկանային, երիկամային և այլն, կախված այն նյութերի խառնուրդից, որում դրանք կհայտնվեն: Այս հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել նյութեր դրանք ենթաստամոքսային գեղձի բջիջների վերածվելու համար:

 



Դրանք փոխպատվաստվել են 2021թ. հուլիսին, և արդեն 11 շաբաթ հետո բուժառուն այլևս ինսուլինի ներարկումների կարիք չուներ։ Տղամարդն աստիճանաբար կրճատել է դեղերի ընդունումն արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման համար և լիովին հրաժարվել է դրանցից 12 ամիս հետո։

 

 

Մինչ այս դեպքը դեռ ոչ մեկին չէր հաջողվել ազատվել շաքարային դիաբետից։ Ապացուցված է, որ այս հիվանդության դեպքում հնարավոր է ռեմիսիա, որի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը կարող է ժամանակավորապես մոտենալ նորմային առանց դեղորայքի ընդունման, այնուամենայնիվ, սա ենթադրում է, որ հիվանդները կհետևեն համեմատաբար խիստ սննդակարգի և վարժություններ կանեն: Վերոնշյալ դեպքը վկայում է, որ հնարավոր է վերականգնել օրգանիզմի՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու ունակությունն առանց կենսակերպի փոփոխության։ Սակայն այս պնդումը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն:

Հետազոտության հեղինակները, սակայն, կարծում են՝ քիչ հավանական է, որ այս մեթոդը հարմար կլինի 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ այս հիվանդության դեպքում իմունային համակարգը հարձակվում է ենթաստամոքսային գեղձի վրա, ինչը նշանակում է, որ օրգանիզմնը, հավանաբար, կոչնչացնի փոխպատվաստված նոր բջիջները:

Հետազոտությունը կարող է բեկումնային լինել ու հսկայական առաջընթաց հանդիսանալ շաքարային դիաբետով հիվանդ կես միլիարդ մարդու համար, քանի որ այս հիվանդությունն ամբողջ աշխարհում մարդկանց մահացության իններորդ հիմնական պատճառն է։



Ամենաընթերցվածը