Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ ֆրանսիական կրուասան

Դիտումներ 604

Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ ֆրանսիական կրուասան

Բաղադրամասեր

310 գր կարագ,

0.5 կգ շաքարավազ,

1 հատ ձու,

ջուր 60 գ,

կաթ 250 գ,

25 գ խմորիչ,

150 գ սև շոկոլադ

աղը՝ ըստ ճաշակի

 



  • Խոր ամանի մեջ խմորիչը տաք ջրով բացում ենք և 6-7 րոպե հանգիստ թողնում։ Խմորիչին ավելացնում ենք շաքարավազը և 250 մլ տաք կաթ, խառնում ենք և դնում տաք տեղ։ Ալյուրն ու աղը խառնում ենք իրար և ավելացնում կարագը(60 գր)։ Ալյուրն ու կարագը ձեռքերով խառնում ենք այնքան, մինչև փշրանք ստանանք։ Եթե խմորիչը արդեն հասել է, ուրեմն ալյուրի մեջ փորվածք ենք անում, խմորիչը լցնում մեջը և խմոր հունցում։ Եթե խմորն արդեն ամանի պատերին չի կպնում ուրեմն ժամանակն է տեղափոխել ալյուրով պատված սեղանի վրա։ Խմորը 5 րոպե սեղանի վրա հունցում ենք:

  • Հունցած խմորը պետք է նուրբ ու փափուկ լինի և ձեռքերին չկպնի։ Խմորը գնդում ենք և դնում բուսայուղով պատված տարայի մեջ` բոլոր կողմերից յուղով պատելով։ Այնուհետև խմորը սննդային փաթեթով փաթաթում ենք և սրբիչով ծածկում։ Խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղ, որ լավ հասնի։ Երբ խմորը հասնի պետք է բռունցքով սեղմենք այն։ Սեղանի վրա 5 րոպե խառնելուց հետո խմորը նորից գնդում ենք, դնում խոր ամանի մեջ, սննդային փաթեթ հագցնում կամ սրբիչով ծածկում և 1 ժամով հանգիստ թողնում։ 1 ժամ անց նորից խմորը սեղանի վրա տրորում ենք, հաստ ուղղանկյուն ձևավորում, բոլոր կողմերից սննդային փաթեթով փաթաթում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը սառնարանից հանում ենք և ոչ բարակ ուղղանկյան տեսքով բացում` մինչև 16x32 չափի։

  • Գրտնակած խմորի 2/3 մասի վրա դնում ենք մնացած կարագը (250 գր), դանակով տարածում այն ողջ մակերեսով` եզրերից 2 սմ դեպի ներս



  • Խմորը 3 տակ ծալում ենք։ Սկզբից վերև ենք ծալում առանց կարագի խմորի եզրը (1/3), խմորի անկյունները ձգում ենք, որպեսզի հավասար ուղղանկյուն ստանանք։ Ամեն անգամ խմորը բացելուց առաջ լավ կլինի վրայի ավելորդ ալյուրը վրձնով հանել դուրս։ Այնուհետև ծալում ենք խմորի յուղով պատված եզրը` կրկին անկյունները ձգելով։ Եզրերը թեթևակի սեղմում ենք և կրկին սկսում շերտավորել խմորը։ Դրա համար խմորը 90 աստիճան շրջում ենք և գրտնակում` հետ ու առաջ։ Աշխատում ենք այն կրկին գրտնակել 16x32 չափի։ Կրուասանի խմորը կրկին եռակի ծալում ենք (գրքի պես), փաթաթում սննդային փաթեթի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը կրկին գրտնակում ենք ` հետ ու առաջ։ Նորից եռակի ծալում ենք և նախորդ անգամների պես 90 աստիճանով պտտում ու երկարությամբ գրտնակում։ Արդեն 4-րդ անգամ խմորը եռակի ծալում ենք դնում սննդային փաթեթի մեջ և 45 րոպեով կամ 1 օրով տեղափոխում սառնարանը։ Կարող ենք նաև խմորը սառցարանի մեջ դնել։ Արդեն պատրաստի խմորը սառնարանից հանում ենք, սննդային փաթեթը հանում և ուղղանկյունաձև բացում մինչև ` 35x53 չափի։ Խմորը երկարությամբ 2 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուրը եռանկյունաձև կտրատում։ Եռանկյունիները մոտավորապես 9-10 սմ են` ըստ ցանկության։ Շոկոլադը մասերի ենք բաժանում։ Ձուն ջարդում ենք։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք և խառնում 1 ճ/գդ կաթի հետ, իսկ սպիտակուցը տեղափոխում ենք սառնարանը։ Կրուասանները հատ-հատ փաթաթում ենք, իսկ այդ ընթացքում մնացած խմորը սրբիչով ծածկում ենք։ Յուրաքանչյուր եռանկյունին երկարությամբ և լայնությամբ անկյուններից ձգում ենք, կարճ կողմի մեջտեղի հատվածում փոքր անցք ենք բացում։ Վրձնով ավելորդ ալյուրը հեռացնում ենք, իսկ եթե խմորը չորացել է, պետք է սառը ջրով թրջենք, որպեսզի թխվելու ընթացքում չճաքճքի։

  • Եռանկյունաձև խմորի վրա դնում ենք շոկոլադի կտորները (ինչպես փորձը ցույց է տալիս, կարելի է շոկոլադը շատ անել): Եռանկյան եզրերը ծալում ենք շոկոլադի վրա` դրանց հակադիր ուղղություններով: Կրուասանը ոլորում ենք եռանկյան գագաթի ուղղությամբ: Բարակ վրձնով եռանկյան սուր գագաթը պատում ենք կաթի հետ խառնած դեղնուցով, որպեսզի թխման ընթացքում կրուասանը չբացվի: Կրուասանը ամբողջությամբ ոլորելուց հետո եզրերը մի փոքր ծալում ենք` կիսալուսնի ձև տալով: Ոլորած կրուասանները դնում ենք արևածաղկի ձեթ քսած թավայի մեջ` դրանց միջև որոշակի հեռավորություն թողնելով: Դրանց վրա սառը ջուր ենք քսում, պատում թաղանթով և թողնում 1 ժամ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի: Չի կարելի կրուասանները հասնելու համար դնել տաք ջեռոցը. տաքության հետևանքով կարագը կհալչի և շերտերը չեն ստացվի: Մնացած դեղնուցին ավելացնում ենք սպիտակուցը և ևս 1 ճաշի գդալ կաթ, հարում ենք: Այս խառնուրդով պատում ենք հասած կրուասանների մակերեսը (եթե կրուասանները լավ են հասնում, կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանց մի մասը այլ թավայի մեջ տեղափոխելու): Ջեռոցը տաքացնում ենք մինչև 220 աստիճան և դնում ենք կրուասանները: 3-4 րոպեից ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճանի և շարունակում ենք թխել ևս 15-20 րոպե` մինչև ախորժելի կարմրության հասնի: Թխման ընթացքին պետք է պարբերաբար հետևել առանց ջեռոցը բացելու: Պատրաստի կրուասանները հանում ենք ջեռոցից և թավայից: Շոկոլադով կրուասանները մատուցում ենք տաք կամ սառը վիճակում, թեյի կամ սուրճի հետ: Կարելի է դրանք մատուցել նախաճաշին, ցերեկային թեյախմությանը կամ փիքնիքի ժամանակ: Շոկոլադի քանակությունը կարգավորում ենք ըստ ցանկության։



Ամենաընթերցվածը