Ե՞րբ է այս տարի սկսվելու Մեծ Պահքը և ինչպես այն ճիշտ պահել

Դիտումներ 972

Ե՞րբ է այս տարի սկսվելու Մեծ Պահքը և ինչպես այն ճիշտ պահել

Փետրվարի 12-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն։

 

Ի՞նչ է պահքը:  

 

 

Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Պահքի երեք տեսակ գոյություն ունի: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միաժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:



Իհարկե, կարելի է նկատի ունենալ պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

 

 

Հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից՝  շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):



Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության:

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:

 



Ամենաընթերցվածը